Վարդուհի Վարդերեսյանի կյանքի հեքիաթը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Վարդուհի Վարդերեսյանի արվեստը ծերանալ չգիտի»,-ասել է հայ բեմի երախտավոր, տաղանդաշատ Վարդան Աճեմյանը: Այս խոսքերն այսօր Ավ. Իսահակյանի անվան գրադարանում կազմակերպված միջոցառման ընթացքում հիշեց անվանի ռեժիսոր, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը: Նա մեծ արտիստուհուն քնքշորեն անվանեց «բեմի չարաճճի դերասանուհի»:
«Մյուս դերասանները գալիս են փորձի, Վարդուհի Վարդերեսյանը ամեն անգամ գալիս է աշխատանքի»,-տիկին Վարդուհու պատրաստակամությունը ընդգծեց Երվանդ Ղազանչյանը:
«Գնացեք եւ դիտեք «Ծեր տիկնոջ այցը»,-դահլիճում ներկա երիտասարդներին խորհուրդ տվեց Երվանդ Ղազանչյանը,-որովհետեւ հետո պիտի ափսոսանք,այս տեսակ մարդիկ էլ չեն լինելու, այն աստղաբույլը, որ մեզնից հեռանում է, էլ չի կրկնվելու. Աստված կարծես ձեռքը դրել էր Սունդուկյանի անվան թատրոնի գլխին, երկու ձեռքի մատները բավարար չէին հաշվելու տաղանդավոր դերասաններին»,-հուզված ասաց Երվանդ Ղազանչյանը:
Ի դեպ, միջոցառման հենց սկզբում տիկին Վարդուհին փոխեց միզանսցենը:
«Տարեք այս սեղանը, ես չեմ սիրում պաշտոնական միջոցառումներ»,-կեսկատակ ասաց նա: Իսկ մթնոլորտն այնքան անկաշկանդ ու մտերմիկ էր, նրա մտերիմները պատմում էին զվարճալի պատմություններ' կապված Վարդուհի Վարդերեսյանի հետ: Ինքն էլ պատմություններ էր պատմում իր կյանքից:
«Հայ բեմի շենշող տիկին» բնութագրեցին միջոցառման կազմակերպիչները Վարդուհի Վարդերեսյանին: Ցերեկույթին ներկա էին ասմունքի վարպետ Վոլոդյա Աբաջյանը, դերասան Գեւորգ Չեփչյանը եւ բազմաթիվ հյուրեր, ուսանողներ, դպրոցականներ:
Հատվածներ ընթերցվեց Վարդուհի Վարդերեսյանի «Իմ կյանքի հեքիաթը» գրքից, որն իր էությամբ երախտիքի խոսք է հայ բեմի մեծերին, իր ուսուցիչներին, իսկ մեծ հաշվով' մի կյանքի պատմություն, որից շատերը շատ բան կարող են ուսանել: