Ռեկորդային մրցաշար
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Մոսկվայում կսկսի շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի թվով 4-րդ հուշամրցաշարը: Այսօր պարզ կդառնան բոլոր 9 տուրերի զույգերը, իսկ վաղը «Նացիոնալ» հյուրանոցում կկայանա 1-ին տուրը: Հետագայում մրցաշարը կանցկացվի հանրահայտ ԳՈւՄ-ի ցուցադրական դահլիճում:
21-րդ կարգի մրցաշարին կմասնակցեն 10 բարձրակարգ գրոսմայստերներ' աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան, ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 2788 գործակից), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2801), Լեւոն Արոնյանը (Հայաստան, 2786), ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը (2772), Պյոտր Սվիդլերը (2754), Ալեքսանդր Մորոզեւիչը (2750), ուկրաինացիներ Վասիլի Իվանչուկն (2739) ու Ռուսլան Պոնոմարյովը (2739), Պետեր Լեկոն (Հունգարիա, 2752) եւ Բորիս Գելֆանդը (Իսրայել, 2758):
Ի դեպ, հուշամրցաշարն իր միջին գործակիցով (2764) նոր ռեկորդ սահմանեց: Նախկինում ամենաբարձր միջին գործակից ունեցել է 1996 թ Լաս Պալմասի միջազգային մրցաշարը (2756), որին մասնակցել էին Գարի Կասպարովը, Անատոլի Կարպովը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Թոփալովը, Վիշվանաթան Անանդն ու Վասիլի Իվանչուկը:
Նշենք, որ հուշամրցաշարի ավարտից հետո, նույն ԳՈւՄ-ի դահլիճում, կմեկնարկի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որտեղ հանդես կգան 22 շախմատիստներ, այդ թվում հուշամրցաշարի բոլոր մասնակիցները: