Դուետ կյանքի կեսի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 4-ին Մարզահամերգային համալիրում երգիչ Ռազմիկ Ամյանը հանդես է գալու մենահամերգով: Սա երգչի առաջին մենահամերգն է Հայաստանում, թեեւ Ամյանը երկու մենահամերգ արդեն հասցրել է ունենալ Պարսկաստանում:
«Ցանկացած երգչի համար մենահամերգը կարեւոր է եւ այդ պահը հասունացել էր»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Ռազմիկ Ամյանը' միաժամանակ ավելացնելով, որ մտավախություն չունի, եւ մենահամերգը լավ է անցնելու:
Թեեւ դեռ ոչ տոմսերն են սպառվել, սակայն Ռազմիկ Ամյանը ակնկալում է լեփ-լեցուն դահլիճ:
Համերգը տեւելու է 2 ժամ: Հնչելու է 24 երգ, որից 8-ը նոր երգեր են:
Ամյանը երգելու է Արթուր Գրիգորյանի, երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի եւ Հայկոյի հետ: Համերգին մասնակցելու են 19 պրոֆեսիոնալ երաժիշտներ եւ 14 պարային համույթներ: Ռազմիկը երգելու է նաեւ իտալերեն եւ ռուսերեն:
Ինչպես նշեց Ռազմիկ Ամյանի մենենջեր Արմեն Մովսիսյանը, համերգը գլխավոր հովանավոր չունի. «Համերգի տոմսերի գները բարձր չեն, նրանք ովքեր սիրում են, կարող են գալ, համերգը անհասանելի չպետք է լինի երկրպագուների համար»:
Նշենք, որ տոմսերի գները տատանվում են 1500 դրամից մինչեւ 8000 դրամի սահմաններում:
Համերգից հետո Ռազմիկ Ամյանը պատրաստվում է նկարահանել տեսահոլովակ, ձայնագրել CD: Նա պատրաստվում է նաեւ իր կնոջ հետ դուետ երգել:
Երգչի համերգը կենդանի ձայնով է լինելու եւ Մշակույթի նախարարության աշխատակիցը հետեւելու է համերգին:
Ի դեպ, արցախցի Ռազմիկ Ամյանը հայ- թուրքական սահմանի բացման մասին ընդհանրապես չխոսեց' ասելով, որ քաղաքականությամբ չի հետաքրքրվում: