Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատճառները շատ-շատ են

Սպորտ

Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը Եվրոպայի 2010 թ պատանեկան առաջնության որակավորման առաջին փուլում իր թիմի կրած անհաջողությունն առաջին հերթին բացատրում է միջազգային խաղերի փորձի պակասությամբ:

«Մեր ֆուտբոլիստներն առաջին անգամ մասնակցեցին միջազգային հանդիպումներին, ուստի ամեն ինչ նրանց համար անսովոր էր: Մենք ընդհանրապես տեղեկություններ չունեինք մրցակիցների ուժի մասին: Անկեղծ ասաց, ինքս չէի սպասում, որ այդքան վատ հանդես կգանք, ավելի շատ էի հավատում տղաներին», - «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց Սուրեն Չախալյանը:

Արդյոք միայն դա՞ էր թիմի անհաջող ելույթների միակ պատճառը մեր հարցին, պատանեկանի գլխավոր մարզիչը պատասխանեց. «Ոչ միայն դա: Մեր տղաները մրցակիցներին զիջում էին ֆիզիկական տվյալներով, ինչ-որ տեղ նաեւ տեխնիկատակտիկական պատրաստվածությամբ: Բայց, օրինակ, դիմացկունությամբ համարյա չզիջեցինք ոչ մեկին: Ավստրիայի թիմի հետ խաղը անցավ ծանր եղանակային պայմաններում, ձնածածկ խաղադաշտում, սակայն մենք դիմացկունությամբ չզիջեցինք մրցակցին, չնայած նման դեպքերում ավելի մեծ ֆիզիկական ուժ է պահանջվում: Այնուամենայնիվ, մեր ֆուտբոլիստների մոտ առաջին հերթին չստացվեց թիմային խաղը»:

Սուրեն Չախալյանը վերջում փաստեց, որ եթե ավելի մանրամասն վերլուծի խաղերը, ապա անհաջողության պատճառները շատ-շատ կլինեն:

Հիշեցնենք, որ մեր մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականն Եվրոպայի 2010 թ առաջնության որոկավորման 1-ին փուլի ընտրական մրցաշարում սկզբում պարտություններ է կրել Իսրայելի (1:6) եւ Լեհաստանի (1:4) հավաքականներից, իսկ վերջին խաղում ոչ-ոքի խաղացել Ավստրիայի (1:1) թիմի հետ: