Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոն

Սպորտ

Վլադիսլավովո (Լեհաստան) քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մինչեւ 94 կգ քաշային կարգում մեր ծանրորդ Վարդան Դավթյանը գրավեց երկրորդ տեղը` ցույց տալով 359 կգ (160+199) արդյունք, սակայն մեր մարզիկը փոքր ոսկի մեդալ նվաճեց հրում վարժությունում: Հաղթող դարձավ լիտվացի Աուրինաս Դիձբալիսը, որը երեք կիլոգրամով գերազանցեց Վարդան Դավթյանին (163+199):

Գերծանր (105 եւ ավելի կիլոգրամ) քաշային կարգում մեր ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա չնայած պոկում վարժությունում ցույց տվեց 5-րդ արդյունքը` 181 կգ, սակայն հրում վարժությունում գլխավերեում պահեց 235 կգ ծանրաձողը եւ երկամարտում (416 կգ) առաջ անցավ բոլորից: Նա իր ետեւում թողեց ռուսաստանցիներ Դավիթ Կադանեցին ու Իգոր Լուկանինին, որոնք նույնպես կարողացան անցնել 400 կգ սահմանը, բայց մեր մարզիկին զիջեցին համապատասխանաբար 11 եւ 9 կիլոգրամով:

Այդպիսով, մեր ծանրորդները Եվրոպայի երիտասարդական անդրանիկ առաջնությունում նվաճեցին 6 մեդալ` 3 ոսկի, 2` արծաթ, 1` բրոնզ: