Ճանաչել Հայաստանը հեծանվով
Աջակցիր «Ա1+»-ինԻտալացի եւ շվեյցարացի հեծանվորդները կշրջագայեն Հայաստանում:
Այս օրերին Հայաստանում են գտնվում «Գրանդի Ռեյդ Հռոմ» հեծանվային միության հեծանվորդները, որոնք կմասնակցեն «Կովկասյան առեղծվածներ» հեծանվային շրջագայությանը:
Այդ առիթով այսօր մամուլի ասուլիս կազմակերպվեց Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում, որին մասնակցեցին Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկոպինին, «Գրանդի Ռեյդ Հռոմի» նախագահ Մարիո Պեսկոսոլիդոն, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին, «Արմենիա Թրավել+Մ» տուրիստական ընկերության տնօրեն Հայկ Գրիգորյանը:
Մարիո Պեսկոսոլիդոն ասաց, որ երկու տարի առաջ Միլանում կազմակերպված միջոցառման ժամանակ համտեսելով «Արմենիա Թրավել+Մ»-ի աշխատակցուհու կողմից առաջարկած հայկական կոնյակը, քիչ անց համաձայնել է հեծանվային շրջագայություն կազմակերպել Հայաստանում: «Հայաստանը թվով 103-րդ երկիրն է, որտեղ մենք կշրջագայենք: Մինչ այստեղ գալը եղել ենք նաեւ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Ռուսաստանի Դաշնությունում եւ Ուզբեկստանում: Մեր նպատակն է ճանաչել Հայաստանը հեծանվով»:
Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին ասաց, որ այս շրջագայությունը կնպաստի Հայաստանում հեծանվային սպորտի մասսայականացման գործընթացին, լավ հիմքեր կստեղծվեն հեծանվային զբոսաշրջության ուղիներ ստեղծելու եւ տուրիզմի այդ ձեւն հանրապետությունում զարգացնելու համար:
Նշենք, որ «Կովկասյան առեղծվածներ» հեծանվային շրջագայությունը կմեկնարկի հոկտեմբերի 17-ին, առավոտյան ժամը 7:45-ին: Իտալիայից եւ Շվեյցարիայից ժամանած 30 վետերան հեծանվորդները ընդհանուր առմամբ կանցնեն 740 կմ ճանապարհ: Այցի շրջանակում ընդգրկված կլինեն հանրապետության հետեւյալ քաղաքները' Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Սեւան, Մարտունի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ եւ Արարատ: Շրջագայությունը կավարտվի հոկտեմբերի 24-ին, Երեւանում:
«Ա1+»-ի մարզական թղթակցի այն հարցին, թե ինչն է միության նախագահին «համոզել» Ուզբեկստան գնալու համար, որտեղ, ինքնին, չկա հայկական կոնյակ, Մարիո Պեսկոսոլիդոն ժպտալով ասաց. «Մենք սկզբում ցանկանում էինք լինել այն երկրներում, որտեղով անցել է հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն: Ուստի որոշեցին շրջագայություն կազմակերպել Ուզբեկստանում, նախեւառաջ լինել Սամարղանդում: Ի դեպ, մենք 12 տարի շարունակ նման խնդրանքով դիմել ենք ԽՍՀՄ ղեկավարությանը, բայց միշտ մերժում ենք ստացել: Միայն 1992 թվականին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, մեզ թույլատրեցին այցելել Մոսկվա, ապա Սամարղանդ»:
Հավելենք, որ շրջագայության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են հենց իրենք' մասնակիցները, որոնք ներկայումս տարբեր տարիքի եւ տարբեր մասնագիտության մարդիկ են: