Ռուսաստանից եւ Թուրքիայից հետո
Աջակցիր «Ա1+»-ինԾանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի օրերս Իսրայելում ավարտված Եվրոպայի առաջնությունում ընդհանուր առմամբ` երկամարտում եւ առանձին վարժություններում, նվաճեց 18 մեդալ` 3 ոսկի, 10` արծաթ, 5` բրոնզ: Ավելացնենք, որ թիմային հաշվարկով Հայաստանը ետ մնաց միայն Ռուսաստանից ու Թուրքիայից:
«Մեր թիմի ելույթը Եվրոպայի պատանեկան առաջնությունում գնահատում եմ գերազանց: Հանդես գալով 10 մարզիկներով, մենք 18 մեդալ վաստակեցինք, կարելի է ասել, յուրաքանչյուրին մեկից ավելի մրցանակ հասավ: Համոզված եմ, որ եթե 85 կգ քաշային կարգում Ազատ Սայադյանը վնասվածք չստանար, ապա նա էլ մեդալ կնվաճեր, եւ այդ դեպքում Հայաստանը թիմային հաշվարկով 2-րդը կլիներ», - «Ա1+»-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ սպորտի նախարարության ծանրամարտի բաժնի պատասխանատու Փաշիկ Ալավերդյանը, որը անմիջապես ներկա է եղել մրցումներին:
Մեր այն հարցին, թե ինչով կարելի է բացատրել գերծանր քաշային կարգում 2-րդ տեղը գրաված մեր մարզիկի եւ մրցաշարի հաղթողի ցույց տված արդյունքների միջեւ եղած մեծ տարբերությունը (38 կգ), Փ. Ալավերդյանն ասաց. «Այդպես պատահում է պատանիների մրցումներին: Մի մոռացեք, որ այդ քաշային կարգում աշխարհի ռեկորդները պատկանում է մեր ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանին, որը անցած տարի Եվրոպայի առաջնությունում հրում վարժությունում բարձրացրել է 220 կգ, իսկ ահա այս տարվա հաղթողը ցույց տվեց ընդամենը 207 կգ արդյունք: Ընդհանուր առմամբ ծանր քաշային ծանրորդների մոտ առաջընթացը երկար է տեւում, եւ նրանք հիմնականում հասուն տարիքում են ցուցադրում իրենց լավագույն արդյունքները: Ուստի, պատանիների մոտ հնարավոր են արդյունքների նման մեծ տատանումներ»:
Սակայն հիշեցնենք, որ Իսրայելում մեր գերծանր քաշային ծանրորդ Հրաչ Ղարիբյանը այդ վարժությունում բարձրացրել է 181 կգ, այսինքն, 26 կգ քիչ, քան մրցաշարի հաղթողը, 39 կգ քիչ, քան աշխարհի մեր ռեկորդակիրը: