Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆլեմինգ Սերիցլեւի կոչը

Սպորտ

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը կոչ է արել շատ չթերագնահատել հայկական ֆուտբոլի ներուժը:

«Ես բավական ժամանակ է, որ Հայաստանում եմ, եւ արդեն նկատել եմ, որ երբ ազգային կամ երիտասարդական հավաքականները անհաջողության են մատնվում, ապա լրատվամիջոցներն ու ֆուտբոլասերները սկսում են անխնա քննադատել հավաքականի ֆուտբոլիստներին: Գտնում եմ, որ անընդհատ քննադատելով եւ թերագնահատելով հայկական ֆուտբոլը, մենք ոչնչի չենք հասնի: Հայաստանում կան երիտասարդ տաղանդաշատ խաղացողներ, որոնք ավելի շատ աջակցության կարիք ունեն: Ժամանակը ցույց կտա, որ նրանք, իրոք, լավ ֆուտբոլիստներ են: Եկեք շատ չքննադատենք, այլ` օգնենք միմյանց», - Հայաստանի երիտասարդական հավաքականի անդրանիկ մարզումից առաջ տված հարցազրույցի վերջում նման կոչ արեց թիմի գլխավոր մարզիչ, դանիացի Ֆլեմինգ Սերիցլեւը:

Մեր երիտասարդականը երեկ սկսեց նախապատրաստվել սեպտեմբերի 4-ին կայանալիք Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական փուլի Շվեյցարիայի այդ տարիքային հավաքականի հետ հանդիպմանը: Առաջին մարզմանը մասնակցեցին 16 ֆուտբոլիստ: Բացակայում էին պաշտպան Վարանդ Բզդիկյանը (Է.ՈՒ.Գ.Ա «Արծիվ», Ֆրանսիա) եւ կիսապաշտպան Մասիս Ոսկանյանը («Բրյուգե», Բելգիա), իսկ ահա գերմանական «Համբուրգի» խաղացող Լևոն Հայրապետյանն արդեն ժամանել է Հայաստան:

Հարզազրույցի ժամանակ Ֆլեմինգ Սերիցլեւը խոստովանեց, որ առաջին հերթին խնդիրներ են ծագել պաշտպանության գծում, սակայն նաեւ ավելացրեց, որ արդեն գիտի, թե ինչպես կարելի լուծել այն: «Հավանաբար գիտեք, որ ետին գծի խաղացողներից բացակայում են Գագիկ Դաղբաշյանն ու Կարեն Խաչատրյանը: Առաջինն որակազրկված է, իսկ երկրորդն ազատվել է իր թիմից եւ այժմ չի մարզվում: Ցավոք, խնդիրներ ունենք նաեւ կապված Վարանդ Բզդիկյանի հետ, որը վերջին ժամանակներին հիվանդացել էր անգինայով եւ չէր մասնակցել իր թիմի մարզումներին: Սակայն նրան հրավիրել ենք: Մարզումներից հետո պարզ կդառնա, արդյոք նա կմասնակցի խաղին, թե` ոչ: Չնայած ստեղծված իրավիճակին, մենք լուրջ աշխատանքներ ենք տանում այս խնդիրն լուծելու համար»:

Ըստ Սերիցլեւի հրաշք կլինի, եթե Հայաստանի երիտասարդականը 1:0 հաշվով հաղթի Շվեյցարիային: «Մեր ունեցած տվյալներով, Շվեյցարիայի երիտասարդականի առաջատար խաղացողները հրավիրվել են իրենց ազգային հավաքական, ուստի մեր մրցակիցը համեմատաբար թույլ կազմով կժամանի Երեւան: Մենք առաջին հերթին պետք է աշխատենք անառիկ պահել սեփական դարպասը, իսկ եթե կարողանանք հաղթել 1:0 հաշվով, ապա դա հրաշք կլինի: Այդ դեպքում մենք լավ հնարավորություն կստանանք պայքարելու գոնե 2-րդ տեղի համար, քանի որ Թուրքիայի թիմը շատ ուժեղ է, եւ նրան շրջանցելը դժվար կլինի»: