Հենրիխի գոլը չփրկեց Հայաստանին
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտությամբ սկսեց "Եվրո-2011"-ի ընտրական փուլը: Հայ ֆուտբոլիստները հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեցին Շվեյցարիայի հավաքականին:
Այս խաղում իր նորամուտը նշեց Հայաստանի երիտասարդականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը: Դանիացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանը բավական անհաջող սկսեց հանդիպումը: 17-րդ րոպեին շվեյցարացիների գլխավոր ռմբարկու Էրեն Դերդիյոկը բացեց խաղի հաշիվը, իսկ 3 րոպե անց Շկելզեն Գաշին 2-րդ գնդակը ուղարկեց Հայաստանի դարպասը:
Հետագայում գոլ խփելու ավելի ռեալ հնարավորություններ ունեին հայ ֆուտբոլիստները: Մասնավորապես, Հենրիխ Մխիթարյանի հարվածներից հետո գնդակը 2 անգամ ետ մղվեց դարպասաձողից: Այնուամենայնիվ, 20-ամյա ֆուտբոլիստին հաջողվեց այս խաղում դառնալ գոլի հեղինակ. 83-րդ րոպեին Մխիթարյանի հեռահար հարվածից հետո հաշիվը կրճատվեց:
Իսկ 88-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում կարմիր քարտի արժանացավ փոխարինման դուրս եկած Միհրան Մանասյանը, որը այս հեռացման պատճառով որակազրկվեց 1 խաղով:
Այսօր երեկոյան Հայաստանի երիտասարդական հավաքականը կվերադառնա Երեւան: Հունիսի 9-ին հայ երիտասարդները Երեւանի "Հանրապետական" մարզադաշտում ընտրական հանդիպում են անցկացնելու Թուրքիայի հետ: Վերջինս ընտրական մրցաշարում արդեն մեկ հանդիպում անցկացրել է: Թուրքերը հյուրընկալվելիս 3:0 հաշվով առավելության են հասել Իռլանդիայի նկատմամբ: