Թադեւոսյանին կվիրահատեն
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանը մեկնել է Գերմանիայի Մյունխեն քաղաք: Աճուկային վնասվածք ունեցող հայ ֆուտբոլիստը Գերմանիայում կենթարկվի վիրահատության: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Միկա» ակումբի գլխավոր քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը:
Թադեւոսյանը վնասվածքի պատճառով 2009 թ. ընթացքում Թադեւոսյանը բավականին քիչ հանդիպումներ է անցկացրել: Փետրվարին պայմանագիր կնքելով «Միկայի» հետ' Ալեքսանդրը դեռ չի կարողացել ամրապնդվել թիմի մեկնարկային կազմում:
Չնայած 28-ամյա պաշտպանը ենթարկվելու է վիրահատության, սակայն նրանից 15 օր կպահանջվի վերականգնվելու համար: Թադեւոսյանը, ամենայն հավանականությամբ, հնարավորություն կունենա մասնակցել հուլիսին մեկնարկելիք Եվրոպայի լիգայի խաղարկությանը, որին «Միկան» մասնակցելու է որակավորման առաջին փուլից:
Վնասվածք ունի նաեւ «Միկայի» մեկ այլ պաշտպան Նիկիտա Ֆուրսինը: Ենթադրվում էր, որ ռուս խաղացողը գոնե հուլիսին կկարողանա վերսկսել մարզումները, սակայն բժիշկները հավաստիացրել են, որ Ֆուրսինը խաղադաշտ կարող է դուրս գալ միայն 4 ամիս անց:
Հայաստանի առաջնության 11-րդ տուրի «Բանանց»-«Միկա» մրցավեճը հետաձգվել է, ուստի «Միկան» Սամվել Դարբինյանի գլխավորությամբ այս օրերին այլ մարզումային գրաֆիկով է աշխատում: Թիմը օրական 2 մարզում է անցկացնում, որոնցից մեկը Աբովյանի քաղաքային մարզադաշտում, իսկ մյուս սեփական մարզաբազայում: Ներկայումս թեթեւակի վնասվածք ունի «Միկայի» հարձակվող Բոտի Դեմելը, սակայն աֆրիկացին շուտով կվերականգնվի: