Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուրմանի սաներն' ընդդեմ Հայաստանի

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր ընտրական հանդիպում է անցկացնելու Շվեյցարիայի հետ: Երեւանի ժամանակով 23:00-ին շվեյցարական Վիլ քաղաքում կայանալիք խաղից առաջ համառոտ ծանոթանանք մրցակցին:

Պատմությունը

Շվեյցարիայի երիտասարդական հավաքականն ընտրական հանդիպումների մասնակցում է 1974 թվականից: 35 տարվա պատմության մեջ եզրափակիչ փուլ շվեյցարացիները դուրս են եկել 2 անգամ' 2000-ից 2004 թթ ժամանակահատվածում: Ներկայիս Շվեյցարիայի երիտասարդականը եւս լավագույններից մեկն է, քանի որ «Եվրո-2009»-ի ընտրական փուլում կարողացավ հաղթահարել խմբային մրցաշարի արգելքը եւ դուրս գալ փլեյ-օֆֆ, որտեղ հավասար պայքարում զիջեց Իսպանիայի ուժեղ ընտրանուն:

ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը անցկացրել է 143 հանդիպում, որից 43-ում հաղթել է, 48-ում' պարտվել, իսկ մնացած 30 խաղերում արձանագրվել է ոչ-ոքի: Գնդակների տարբերությունն է ' 180-173:

Սեփական հարկի տակ վերջին 5 պաշտոնական խաղերից 4-ում շվեյցարացիները հաղթել են: Ընդ որում' Շվեյցարիան առավելության է հասել Հոլանդիայի (1:0), Իսպանիայի (2:1), Նորվեգիայի (2:0) պես երկրների նկատմամբ, իսկ ահա համեմատաբար թույլ Մակեդոնիայի հետ խաղում գրանցվել է ոչ-ոքի' 1:1

Մարզիչը

Հայաստանի առաջիկա մրցակցի գլխավոր մարզիչը Պիեռ Անդրե Շուրմանն է, որի գլխավորությամբ շվեյցարացիները անցկացրել է 16 խաղ եւ տոնել 10 հաղթանակ: Շուրմանը Շվեյցարիայի ամենահարգված մարզիչներից է, որի գլխավորած Շվեյցարիայի պատանեկան հավաքականը հաղթել է Եվրոպայի 2002 թ. առաջնությունում:

Կազմը

Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի կազմում ընդգրկված խաղացողների մեծ մասը ելույթ են ունենում շվեյցարական ակումբներում, սակայն կան նաեւ լեգեոներներ, որոնք հանդես են գալիս եվրոպական ճանաչված թիմերում: Այդ ֆուտբոլիստների թվում է 21-ամյա Ֆաբիեն Լուստենբերգերը, որը 2007 թվականից ելույթ է ունենում Բեռլինի «Հերտայում»: Մեկ այլ կիսապաշտպան Ադիլսոն Տավարեսն անցած տարի շվեյցարական «Բազելից» տեղափոխվեց իսպանական «Սեւիլիա», որտեղ առայժմ հանդես է գալիս 2-րդ թիմի կազմում: Ներկայիս հավաքականի առաջատարներից է Էրեն Դերդիոկը: Ազգությամբ թուրք հարձակվողը, որի հասակն է 190 սմ, Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրել է 5 խաղ եւ խփել 7 գնդակ: Դերդիոկը վերջերս «Բազելից» տեղափոխվեց գերմանական «Բայեր»: Այս ֆուտբոլիստը 2008 թվականից ելույթ է ունենում նաեւ Շվեյցարիայի ազգային հավաքականում, որի կազմում հանդես է եկել «Եվրո-2008»-ում: