Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կպայքարեն եզրափակիչի համար

Սպորտ

Հայաստանի մարմնամարզության հավաքականը վաղը ուղեւորվում է Մոսկվա` մասնակցելու Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հույս հայտնեց, որ հայ մարզիկները կկարողանան դուրս գալ եզրափակիչ, ինչը հաջողություն կլինի Հայաստանի համար:

Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում կայանալիք մրցումներում Հայաստանը տղամարդկանց պայքարում կներկայացնեն Վահագն Ստեփանյանը եւ Հարություն Մերդինյանը: Ստեփանյանը ելույթ կունենա նժույգ-թափերում, իսկ Վահագն Ստեփանյանը նժույգ թափերում եւ զուգախաղերում: Կանանց պայքարում հանդես կգա Լիանա Կոբալյանը, որը ելույթ կունենա գերան եւ ազատ վարժություններում:

«Տղամարդկանց պայքարում հանդես են գալու 99 մարզիկներ, որոնցից 8-ը դուրս կգան եզրափակիչ: Կանանց պայքարում 36 մասնակիցներ են լինելու եւ դարձյալ պայքարելու են 8 ուղեգրերի համար: Մեր մարզիկները պայքարելու են եզրափակիչի համար»,-նշեց Հակոբ Սերոբյանը: Վերջինս աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու է նաեւ որպես մրցավար:

Մրցումներին մասնակցելու հայտ են ներկայացրել աշխարհի ուժեղագույն բոլոր երկրները, որոնք տղամարդկանց պայքարում իրավունք ունեն ներկայացնել 6 մարզիկ, իսկ կանանց պայքարում` 4:

Գավաթի խաղարկության փուլը մեկնարկելու է մայիսի 28-ին, իսկ մայիսի 30-ին կկայանան եզրափակիչ հանդիպումները: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմել է 50 հազար շվեյցարական ֆրանկ:

Մոսկվայում արդեն ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները: Աշխարհի գավաթի խաղարկության այս փուլի կազմկոմիտեի աշխատանքները ղեկավարում է ազգությամբ հայ Միխայիլ Ստեփանյանցը, որը հանդիսանում է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի կոմիտեի գլխավոր քարտուղարը: