Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխին դուր է գալիս Անգլիան

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ընթացիկ առաջնությունում կայացած 9 տուրերում 11 գոլի հեղինակ է դարձել Երեւանի «Փյունիկի» 20-ամյա խաղացող Հենրիխ Մխիթարյանը: Նա ընթացիկ մրցաշրջանում արդյունավետ խաղ էր ցուցադրել նաեւ գավաթի խաղարկությունում, ինչպես նաեւ գոլ խփել ազգային հավաքականի կազմում:

«Ինչ-որ տեղ անսպասելի էր ինձ համար, որ 9-րդ տուրից հետո գլխավորում եմ ռմբարկուների ցուցակը: Առայժմ ստացվում է արդյունավետ խաղ ցուցադրել, բայց սա ֆուտբոլ է եւ հնարավոր է մի քանի խաղ չկարողանամ գրավել մրցակիցների դարպասը»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հենրիխ Մխիթարյանը:

Նախորդ տարի Հենրիխը ողջ առաջնության ընթացքում ընդամենը 6 անգամ էր գոլի հեղինակ դարձել: Թե ինչով է պայմանավորված գնդակների կտրուկ աճը, ֆուտբոլիստը դժվարացավ պատասխանել. «Դա ավելի լավ կիմանան այն մասնագետները, որոնք կողքից հետեւում են իմ խաղին: Առանձնահատուկ ոչինչ չի փոխվել: Միգուցե նաեւ իր ազդեցությունը ունեցավ այն հանգամանքը, որ ազգային հավաքականի կազմում առաջին պաշտոնական հանդիպումները անցկացրի եւ դարձա գոլի հեղինակ: Չնայած միջազգային հանդիպումները այլ մակարադակի խաղեր են»:

Ընթացիկ առաջնությունում «Փյունիկը» ավելի վստահ է հանդես գալիս եւ 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մխիթարյանի կարծիքով` 2009 թ. առաջնությունը ավելի բարդ ընթացք ունի. «Միավորների համար թեժ մրցակցություն է ընթանում, բոլորն էլ ցանկանում են միավորներ վաստակել: «Փյունիկը» առաջին տեղում է, բայց մեզ համար կրկնակի դժվար է, քանի որ չեմպիոնի դեմ կրկնակի տրամադրվածությամբ են խաղում»:

Շատ է խոսվում այն մասին, որ Հենրիխ Մխիթարյանը այլեւս անելիք չունի Հայաստանում եւ անհապաղ պետք է տեղափոխվի արտասահմանյան որեւէ բարձրակարգ ակումբ: Երիտասարդ ֆուտբոլիստը եւս նման ցանկություն ունի, սակայն չի շտապում. «Ինձ դուր է գալիս Անգլիայի առաջնությունը եւ մեծ հաճույքով հանդես կգայի անգլիական որեւէ թիմում: Բայց ես ներկայումս «Փյունիկի» ֆուտբոլիստ եմ եւ կենտրոնացած եմ միայն իմ ակումբի ելույթների վրա: Տեղափոխության մասին կմտածեմ, երբ կոնկրետ առաջարկ կլինի արտասահմանից»:

Մխիթարյանը հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի ազգային հավաքականում, այլեւ երիտասարդական հավաքականի առաջատարներից է: Հայաստանի երիտասարդական հավաքականը հունիսին սկսում է ելույթները «Եվրո-2011»-ի ընտրական փուլում, որի մեկնարկային խաղում հյուրընկալվելու է Շվեյցարիային, ապա սեփական հարկի տակ մրցելու է Թուրքիայի հետ:

«Մենք լավ հավաքական ունենք, որը կարող է պայքարել նաեւ եզրափակիչի ուղեգրի համար: Շատ կարեւոր են մեկնարկային հանդիպումները, որոնցից միայն դրական ակնկալիքներ ունեմ»,-եզրափակեց Հենրիխ Մխիթարյանը: