«Արարատը» բողոքարկում է
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Արարատը» բողոք է ներկայացրել ՀՖՖ Հայաստանի առաջնության 9-րդ տուրից «Կիլիկիա»-«Արարատ» (3:2) խաղի մրցավարության կապակցությամբ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Արարատի» գործադիր տնօրեն Սիմոն Նաիրյանը:
«Կիլիկիայի» հետ մրցավեճում մրցավար Արման Ամիրխանյանը 3 անգամ 11 մետրանոց էր նշանակել ի վնաս «Արարատի», որոնցից 2-ը «Կիլիկիայի» խաղացողներին հաջողվել էր իրացնել:
«Մենք գտնում ենք, որ մրցավարի գործողությունները ազդել են խաղի ելքը վրա, ուստի բողոք ենք ներկայացրել ՀՖՖ: Խաղի ընթացքում թույլ են տրվել մրցավարական բացահայտ խախտումներ»,-նշեց Սիմոն Նաիրյանը:
«Արարատի» գործադիր տնօրենի կարծիքով սա առաջին դեպքը չէ, երբ «Արարատի» մասնակցությամբ մրցավեճում մրցավարները կողմնակալ վերաբերմունք են ցուցաբերում. «Առաջնության նախորդ տուրերում եւս առկա էր կողմնակալ մրցավարություն, սակայն վերջին տուրի խաղում արդեն կողմնակալությունը բացահայտ էր: Մենք բոլոր հանդիպումները տեսագրությունները ունենք եւ ցանկացողները կարող են տեսնել: Այս տեսագրությունները ոչ թե ուշ կհայտնվեն նաեւ միջազգային տարբեր մարզական կառույցների մոտ»:
Նաիրյանն ակնկալում է, որ եթե միջազգային կառույցները չեն կարող միջամտել Հայաստանի առաջնությունում տեղի ունեցող անարդարություններին, ապա գոնե դիտորդ կուղարկեն Հայաստան, որը տեղում կծանոթանա իրավիճակին:
Ի դեպ, ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն որոշել է 5 խաղով որակազրկել «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնակատար եւ փոխնախագահ Արկադի Անդրեասյանին առաջնության 8-րդ տուրի «Արարատ»-«Շիրակ» խաղում թույլ տված անվայել պահվածքի համար: Թե կոնկրետ ինչ արարք է թույլ տվել Արկադի Անդրեասյանը «Ա1+»-ը փորձեց պարզել անձամբ նրանից: Պարզվեց, որ Արկադի Անդրեասյանը զբաղված է, քանի որ ակումբում ինչպես միշտ խորհրդակցություն է ընթանում, ուստի չի կարող պատասխանել նման հարցերի: