Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նվաճեց բրոնզե մեդալ

Սպորտ

Հայաստանի նետաձգության հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի Գրան-պրիի խաղարկության 2-րդ փուլում: Արշակ Պետրոսյանը Սոֆիայում կայացած մրցաշարում նվաճեց բրոնզե մեդալ:

Արշակ Պետրոսյանը, հաղթելով մի շարք մասնակիցների, դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ զիջեց Մալազիայի ներկայացուցիչ Տահիլ Զուլկիֆլիին: Դուրս մնալով եզրափակիչից' Պետրոսյանը իրավունք ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար, որտեղ նրա մրցակիցն էր իսպանացի Էլիսաս Կուսեստան: Հավասար պայքարում ընթացած մրցամարտում դժվարությամբ հաղթանակ տոնեց Հայաստանի ներկայացուցիչը եւ դարձավ բրոնզե մեդալակիր: Իսկ ոսկե մեդալի արժանացավ Իտալիայի ներկայացուցիչ Լորենցո Գիորին:

Բուլղարիայից հայ նետաձիգները ուղեւորվելու են Անգալիա, որտեղ հունիսի 1-ից 8-ը կայանալու է աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլը, ինչպես նաեւ Եվրոպայի Գրան-պրիի խաղարկության 3-րդ փուլը:

Հաջորդ խոշոր մրցաշարը, որին նախատեսվում է հայ մարզիկների մասնակցությունը, 2009 թ. Ունիվերսիադան է, որը կայանալու է հուլիսին Բելգրադում: Նետաձգության մրցումները ունիվերսիադայում կայանալու են հուլիսի 2-6-ը:

Իսկ հուլիսի 12-19-ը ԱՄՆ-ում կկայանա նետաձգության 2009 թ. երիտասարդական առաջնությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականը ամենայն հավանականությամբ չի մեկնի Միացյալ Նահանգներ: