Հայ ֆուտբոլիստներն' արտասահմանյան թիմերում
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի առաջնության 10-րդ տուրում մերձմոսկովյան «Խիմկին» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Թերեքին»:
«Խիմկիի» հիմնական կազմում էր Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, սակայն որի վստահ խաղն էլ չօգնեց ետնապահին խուսափել հերթական պարտությունից: Բարսեղ Կիրակոսյանը «Խիմկիի» կազմում փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին:
Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի առաջնության հարավային գոտում հերթական գոլն է խփել Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը: «Ժեմչուժինա-Սոչիի» կազմում ելույթ ունեցող հայ ֆուտբոլիստը այս անգամ գրավել է Արմավիրի «Տորպեդոյի» դարպասը, իսկ նրա թիմը հաղթել է 5:2 հաշվով: Զեբելյանը գլխավորում է հարավային գոտու ռմբարկուների ցուցակը:
Ռումինիայի առաջնության 32-րդ տուրում «Տիմիշոարան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ «Ստյաուայի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտավազդ Քարամյանը տանտերերի հիմնական կազմում էր, իսկ 78-րդ րոպեին արժանացավ դեղին քարտի: Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Տիմիշոարան» 61 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:
Ուկրաինայի առաջնության նախավերջին 29-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» հյուրընկալվեց Զապորոժյեի «Մետալուրգին» եւ պարտվեց 1:2 հաշվով: Արարատ Առաքելյանը բացակայում էր Դոնեցկի «Մետալուրգի» հայտացուցակից: Վերջին տուրից առաջ «Մետալուրգը» 48 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում:
Բելառուսի առաջնության 9-րդ տուրում ԲԱՏԵ-ն 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Նաֆթանի» դարպասը: Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Գոհարյանը բացակայում էր ԲԱՏԵ-ի հիմնական կազմից եւ խաղադաշտ դուրս չեկավ: ԲԱՏԵ-ն 25 միավորով ամրապնդվել է առաջին հորիզոնականում:
Սկանդինավիայում նույնպես հայ ֆուտբոլիստները բաց են թողել իրենց ակումբների ելույթները: Լեւոն Պաչաջյանը չի մասնակցել նորվեգական «Ֆրեդրիկստադի» մրցավեճին, իսկ Ռոբերտ Արզումանյանը կրկին բացակայել է դանիական «Ռանդերսի» հայտացուցակից: