Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷԴԳԱՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱՇԱՐԻՆ

Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ճնշող մեծամասնությունը դեռ շարունակում են իրենց ելույթները ակումբների կազմերում, իսկ ահա 21-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը արդեն ավարտել է ելույթները: Մանուչարյանը հանդես է գալիս Ամստերդամի «Այաքսում», իսկ Հոլանդիայի առաջնությունը արդեն ավարտվել է, ուստի հայ ֆուտբոլիստը արդեն նախապատրաստվում է հաջորդ մրցաշրջանին: Իսկ նախորդ մրցաշրջանը Էդգարի կարծիքով` հաջող չէր իր համար. «Վնասվածքից հետո չհասցրեցի ինձ ցույց տալ լավ կողմերով գտնում եմ, որ մրցաշրջանն ինձ համար անհաջող էր: Մարզիչն էլ ինձ շանս չտվեց եւ չէր էլ պատրաստվում: Չգիտեմ, թե որն է պատճառը, սակայն չեմ կարծում, թե վնասվածքն այդքան մեծ դեր խաղաց, որ դուրս մնամ հիմնական կազմից: Բայց, հույս ունեմ, որ առաջիկայում ամեն ինչ կկարգավորվի:Թերեւս կառանձնացնեի Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած հանդիպումս Ղազախստանի հետ, ինչպես նաեւ մի քանի հանդիպումներ «Այաքսի» երկրորդ թիմի կազմում»:

Էդգարը գտնում է, որ վնասվածքների հիմնական պատճառը ոչ կայուն խաղալն է.«Ես ոչ միշտ եմ դուրս գալիս խաղադաշտ, ինչն արդեն իսկ վտանգավոր կարող է դառնալ: Մեկ խաղ խաղում եմ բարձր տեմպով, իսկ դրանից հետո 3 խաղ նստում եմ պահեստայինների նստարանին: Եթե ամեն շաբաթ խաղամ բարձր մակարդակով, ապա, իմ կարծիքով, վնասվածքներից հեռու կմնամ»: «Եվրո-2008»-ի ավարտից հետո «Այաքսը» գլխավորելու է Հոլանդիայի հավաքականի ներկայիս մարզիչ Մարկո վան Բաստենը, սակայն դեռ հայտնի չէ, թե որտեղ կշարունակի իր կարիերան Մանուչարյանը. «Կոնկրետ ոչինչ հայտնի չէ: Առաջիկայում պետք է զրուցեմ «Այաքսի» ղեկավարության հետ, իսկ դրանից հետո ամեն ինչ պարզ կլինի:Վան Բաստենը անձամբ դեռ չի առնչվում «Այաքսին», սակայն նրա օգնականները հետեւում են «Այաքսի» հանդիպումներին: Նրանց հետ եւս առաջիկայում կզրուցեմ: Անձամբ Վան Բաստենին չեմ ճանաչում եւ չեմ կարող կարծիք հայտնել նրա մասին: Կարծում եմ` նա արդեն մարզչական մեծ փորձ է ձեռք բերել Հոլանդիայի հավաքականը գլխավորելու ընթացքում»:

Ամստերդաում երիտասարդ ֆուտբոլիստը մենակ է բնակվում.«Հարմար գտա բնակարան գնել Ամստերդամում, քանի որ ծնողներս հաճախ են այցելում ինձ: Այստեղ ամեն բան լրիվ այլ է, քան Երեւանում: Կարելի է ասել հարեւան հասկացություն չկա: Քաղաքում հաճախ եմ զբոսնում: Շատերը ճանաչում են, սակայն որեւէ խնդիր չունեմ: Ունեմ ընկերներ, այդ թվում հայեր, որոնք այստեղ քիչ չեն: Հիմնականում շփվում եմ 2-րդ թիմի ֆուտբոլիստների հետ: Ժամանակս միայնակ չեմ անցկացնում»: Հայկական ֆուտբոլի իրադարձություններին «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստը հետեւում է ինտերնետի միջոցով. «Կարծում եմ` գավաթի եզրափակիչը շատ հետաքրքիր կստացվի «Բանանցի» եւ «Արարատի» մասնակցությամբ: Իսկ առաջնության մասին կոնկրետ կարծիք հայտնել չեմ կարող, քանի որ միայն չոր արդյունքներին եմ ծանոթ: Ցավում եմ, որ «Փյունիկն» անհաջող է սկսել մրցաշրջանը: Հուսով եմ` «Փյունիկը» դեռ կապացուցի, որ լավագույնն է Հայաստանում»:

Մանուչարյանը մեծ սպասելիքներ ունի նաեւ Հայաստանի հաքականից, որը սեպտեմներին իր ելույթներն է սկսելու աշխարհի առաջնության ընտրական փուլում.«Սպասելիքները հավաքականից մեծ են: Բոլորս էլ անհամբեր սպասում ենք Թուրքիայի հետ մրցավեճին: Սկզբունքային մրցավեճ է: Սակայն դա նաեւ առաջին հանդիպումն է, եւ շատ կարեւոր է, որ հաջող սկսենք ընտրական փուլը, որովհետեւ այդ հանդիպմանը հաջորդելու են արտագնա ծանր հանդիպումներ: Մեր խմբում ուժեղ հավաքականներ են ընդգրկված, սակայն կարծում եմ` ի տարբերություն «Եվրո-2008»-ի ընտրական մեր խմբի, այս անգամ ավելի թույլ խմբում ենք հայտնվել»: