ԱՐՈՆՅԱՆԸ ՎԱՐԿԱՆԻՇՈՎ 2-ՐԴՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ «Մ-Տել Մաստերս» շախմատային միջազգային մրցաշարի բացման արարողությունը, իսկ վաղվանից պայքարի մեջ կմտնեն մասնակից 6 գրոսմայստերները: Մասնակիցների թվում է նաեւ Լեւոն Արոնյանը, որի մրցակիցները կլինեն բուլղարացիներ Վեսելին Տոպալովը եւ Իվան Չեպարինովը, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովը եւ չինացի Բու Հիանցզին: Գրեթե բոլոր մասնակիցներն էլ լավ ծանոթ են Լեւոն Արոնյանին:
Վեսելին Տոպալովի հետ նախկինում Արոնյանը հանդիպել է 9-ը անգամ: Այս պարտիաներից 2-ում հաղթել է Լեւոնը, 3-ում` Տոպալովը, իսկ մնացած 4 պարտիաներում գրանցվել է խաղաղ ելք: Մասնագետները հաղթողի գլխավոր հավակնորդ են համարում հենց Տոպալովին, որը սակայն այս տարի կայացած խոշոր մրցաշարերում ոչնչով աչքի չի ընկել: Բուլղարիայի լավագույն շախմատիստը 2007թ. ընթացքում հաջողության է հասել Սոֆիայի, Վեյկ ան Զեեի եւ Վիտորիայի մրցաշարերում, սակայն 2008թ ընթացքում դեռ արդյունքի չի հասել:
Ուկրաինայի ուժեղագույն շախմատիստ Վասիլի Իվանչուկի հետ Արոնյանը հանդիպել է 14 անգամ, որից 7-ում հայ շախմատիստը պարտություն է կրել: Լեւոնը մրցակցին հաղթել է ընդամենը 2 անգամ, իսկ մնացած 4 պարտիաներում գրանցվել է ոչ-ոքի: Վիճակագրությունը վկայում է, որ Արոնյանի համար Իվանչուկը ամենաանցակալի մրցակիցն է: Ամեն դեպքում Իվանչուկը այս տարի եւս չի փայլում: Ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովը եւ Լեւոն Արոնյանը հանդիպել են 7 անգամ: Ռաջաբովին դեռ չի հաջողվել հաղթել Արոնյանին: Փոխարենը 2 անգամ հաջողության է հասել Լեւոնը, իսկ մնացած 5 պարտիաներում գրանցվել է ոչ-ոքի: Մրցաշարի ամենաերիտասարդ մասնակից Ռաջաբովը այս տարի աչքի է ընկել Օդեսայի միջազգային մրցաշարում, որտեղ գրավել է առաջին հորիզոնականը:
Արոնյանի հետ պարտիաներում երբեք հաղթանակ չի տոնել նաեւ չինացի Բու Հիանցզին: Չինացի այս գրոսմայստերը 2 անգամ զիջել է Լեւոնին, իսկ 4 պարտիաներ ավարտվել են խաղաղ ելքով: Չինացի շախմատիստը ի տարբերութուն նախորդ մասնակիցների իր կարիերայի ընթացքում խոշոր մրցաշարերում չի հաղթել: Բուլղարացի Իվան Չեպերինեւը միակ մասնակիցն է, որի հետ Լեւոն Արոնյանը առայժմ չի հանդիպել: 21-ամյա այս գրոսմայստերը վերջին 3 տարիներին բավական հաջող է հանդես գալիս միջին մակարդակի միջազգային մրցաշարերում:
6 մասնակիցների շարքում ամենաբարձր վարկանիշը ունի Վեսելին Տոպալովը(2767), որին հաջորդում են Լեւոն Արոնյանը(2763) եւ Վասիլի Իվանչուկը (2740):