«ՍԱ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է»
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 9-ին Իջեւանի «Արնար» մարզադաշտում Երեւանի «Արարատը» եւ «Բանանցը» կվիճարկեն Հայաստանի 2008թ. գավաթը: 2 թիմերն էլ արդեն մրցավայրում են եւ նախապատրաստվում են եզրափակիչ մրցավեճին:
«Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուիքասյանի համար կայանալիք եզրափակիչը կլինի 5-րդը: Նախորդ 4 եզրափակիչներում Սուքիասյանի սաները 3 անգամ տիրացել են գավաթին եւ 1 անգամ պարտվել. «Իմ գլխավորած թիմերը մինչ առաջիկա եզրափակիչը չորս անգամ են դուրս եկել եզրափակիչ: Նախ «Բանանցը» իմ գլխավորությամբ դարձել է Հայաստանի առաջին գավաթակիր, ապա երկու անգամ Արարատի «Ցեմենտն» է նվաճել գավաթը: Այս թիմերը հանդես են եկել տարբեր ժամանակաշրջաններում եւ բավականին տարբերվում են միմյանցից: Այսօրվա «Արարատը» տեխնիկա-տակտիական զարգացվածությամբ թիմ է: Այսօր մենք տակտիկական պայքար ենք մղում մրցակիցների դեմ: Մի փոքր կարճ է պահեստայինների նստարանը, բայց շուտով համալրում կունենանք արտասահմանից եւ այդ բացը կլրացվի»:
Խոսելով առաջիկա եզրափակիչի մասին Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը ասաց. «Շատ դժվար խաղ է ստացվելու: Երկու թիմերն էլ իրոք լավ են նախապատրաստվում գավաթի եզրափակիչին: «Բանանցը» իր ներուժով այսօր ամենաուժեղ թիմն է Հայաստանում: Մեր առաջիկա մրցակցի կազմում ընդգրկված են երեքական ուկրաինացի եւ բուլղարացի լեգեոներներ, որոնց միացել են նաեւ Կարեն Ալեքսանյանը եւ Ռոմիկ Խաչատրյանը: Նման կազմ ունեցող թիմը բնականաբար շատ ուժեղ մրցակից է եւ գրագետ ֆուտբոլ է ցուցադրում»:
«Արարատը» նախորդ առաջնությունում, գրավելով 4-րդ հորիզոնականը, առայժմ իրավունք ունի մասնակցելու միայն Ինտերտոտոյի գավաթի խաղարկությանը, իսկ փոխչեմպիոն «Բանանցը» իրավունք է ստացել հանդես գալու ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Հաղթանակի դեպքում «Արարատը» եւս իրավունք կստանա հանդես գալ հեղինակավոր այդ մրցաշարում.«Ի տարբերություն մեզ «Բանանցը» արդեն ապահովել է իր տեղը ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Միանշանակ այս գործոնը պետք է իր ազդեցությունը թողնի մեր թիմի խաղի վրա, քանի որ սա վերջին հնարավորությունն է եվրագավաթի ուղեգիր նվաճելու համար: Բայց ես տեղյակ եմ, որ «Բանանցը» անկախ ամեն ինչից շատ լավ է նախապատրաստվում մեզ հետ մրցավեճին: Ավելորդ չէ նշել, որ առաջնության չորրորդ տուրում մենք ավելի բարդ հանդիպում անակցացրեցինք` Գյումրիում հյուրընկալվելով «Շիրակին», իսկ «Բանանցը» հանդես եկավ սեփական հարկի տակ»:
Անցյալ տարվա եզրափակիչում «Արարատի» մրցակիցը դարձյալ «Բանանցն» էր: Սուքիասյանի թիմը առաջինը հաջողության հասավ, սակայն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը եւ, ի վերջո, լրացուցիչ ժամանակում զիջեց մրցակցին.«Խաղից առաջ մենք սարսափելի հոգնած էինք եւ ես մտավախություն ունեի, որ խաղավերջում չենք դիմանա: Այդպես էլ եղավ. առաջին կեսւոմ լրիվ այլ ֆուտբոլ ցուցադրեցինք, իսկ երկրորդ խաղակեսում եւ հատկապես վերջնամասում այլ»: