ՀԱՂԹԵՑԻՆ ՆԱԵՎ «ՎԻՉԵՆՑԱՅԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն իր 2-րդ հանդիպումն անցկացրեց Իտալիայի միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում: Այս անգամ մեր թիմը մրցեց իտալական Բ Սերիան ներկայացնող «Վիչենցա» ակումբի մինչեւ19 տարեկանների թիմի հետ: Արմեն Գյուլբուդաղյանցի սաները, ինչպես եւ իտալական «Մոնցայի» մինչեւ 19 տարեկանների հետ խաղում, տարան վստահ հաղթանակ` նույն 4:1 հաշվով:
Հայաստանի ընտրանու կազմում աչքի ընկան Միհրան Մանասյանը (4), Հենրիխ Մխիթարյանը (56), Նորայր Գյոզալյանն (81) ու Էդգար Մալաքյանը (84): Նախորդ խաղում Հայաստանի կազմում աչքի էին ընկել Տիգրան Ոսկանյանը, Էդգար Մալաքյանը, Լեւոն Հայրապետյանը եւ Հայկ Չիլինգարյանը:
Գրանցված արդյունքները վկայում են, որ մինչեւ 19 տարեկանների հավաքականը մայիսի 22-27-ը Հայաստանում կայանալիք Եվրոպայի առաջնության էլիտ-ռաունդում կարող է պայքարել եզրափակչի ուղեգրի համար: Հիշեցնենք, որ մինչեւ 19 տարեկանների հավաքականը մրցելու է Թուրքիայի, Ուկրաինայի եւ Իսպանիայի հավաքականների հետ:
Մայիսի 10-ին Հայաստանը կմրցի արդեն իտալական հեղինակավոր «Յուվենտուս» ակումբի մինչեւ 19 տարեկանների թիմի հետ, որից հետո մեր ընտրանին կվերադառնա Հայաստան: