Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԱՐԿՈՍ-ՌԵՆԱՏՈ ԶՈՒՅԳԸ ՓԱՅԼԵՑ»

Սպորտ

Հայաստանի առաջնության մեկնարկային տուրում գրանցվեց խոշոր հաշիվ: խոսքը «Արարատ» - «Կիլիկիա» մրցավեճի մասին է, որում դաշտի տերերը առավելության հասան 5:0 ոչ ֆուտբոլային հաշվով: Նախորդ առաջնությունում «Կիլիկիան» բավական անհաջող էր հանդես եկել, սակայն նախապատրաստական փուլում թիմի ցուցադրած արդյունքները եւ գավաթի խաղարկությունում ունեցած ելույթները հուսադրող էին: Թվում էր` Երվանդ Կրբաշյանի սաները մեկնարկային խաղում լուրջ դիմադրություն ցույց կտան «Արարատին»: Սակայն Վարուժան Սուքիասյանի թիմը ջախջախեց մրցակցին:

«Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հանդիպումից հետո «Ա1+»-ին հայտնեց, որ առաջին կեսում բավական մեջ ջանքեր պահանջվեցին հաշիվը բացելու համար. «Մրցակիցը զանգվածային պաշտպանության էր անցել եւ 1-2 անգամ հակագրոհներ կազմակերպեց: Ցանկանում էինք արագ գոլ խփել, բայց հաշիվը բացվեց միայն 18-րդ րոպեին: Երկրորդ կեսում խաղային առավելությանը արդեն ամբողջությամբ մեր կողմն էր: Եթե խաղի տեմպը մինչեւ վերջ բարձր պահեինք, ապա հաշիվը կարող էր եւ ավելի խոշոր լինել»: Խոսելով Մարկոսի արդյունավետ խաղի մասին` Սուքիասյանը ասաց. «Մարկոս-Ռենատո զույգը այս խաղում պարզապես փայլեց: Մարկոսը շատ գեղեցիկ գոլերի հեղինակ դարձավ: Աստիճանաբար նա լավ մարզավիճակ է ձեռք բերում: Ֆուտբոլի ֆեդերացիան արդեն ակտիվորեն զբաղվում է նրա քաղաքացիության հարցով եւ մոտ ապագայում նա կարող է հրավեր ստանալ ազգային հավաքականից»: Վարուժան Սուքիասյանը ընդգծեց նաեւ, որ չնայած խոշոր հաշվով պարտությանը «Կիլիկիայում» նախորդ առաջնության համեմատ որոշակի առաջընթաց է նկատվում. «Զգացվում է, որ այս տարի թիմը ավելի մեծ պոտենցիալ ունի»:

«Փյունիկ» - «Ուլիս» խաղում չեմպիոնը իր առաջին հաղթանակը տոնե` 1:0 հաշվով հաղթելով մրցակցին: «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոստովանեց, որ այս խաղում իր սաները այնքան էլ հաջող հանդես չեկան. «Այսօր մեզ մոտ փոխանցումների խոտանը շատ – շատ էր: Դաշտն էլ լավ վիճակում չէր, դրա համար խաղի կազմակերպվածությունը լավ չէր ստացվում: Ինձ համար անհասկանալի շտապողականություն կար այսօր մեր թիմի մոտ: Դա մեզ խանգարում էր խաղը ճիշտ կառուցելու համար: Բայց ուրախ եմ, որ կամք ցուցաբերեցինք: Հատկապես ուրախ եմ Ալբերտ Թադեւոսյանի համար, որը 1990թ. ծնվածների թիմից է: Տղաների նվիրվածությունից շատ գոհ եմ, բայց հանդիպումը, որպես այդպիսին գրավիչ չստացվեց»: Խոսելով հարձակման գծում ընդգրկված ֆուտբոլիստների ոչ արդյունավետ խաղի մասին մարզիչը ասաց. «Այս տարի եթե նկատել եք երեք հարձակվողով ենք խաղում: Եթե ասենք` գոլային պահեր չենք ստեղծում ենք, ճիշտ չի լինի, քանի որ ստեղծում ենք: Օրինակ, այսօրվա խաղում մի շարք պահեր ունեցանք: Ուղղակի դեռ չեն կարողանում մեր երիտասարդները իրացնելը այդ պահերը: Մի փոքր համբերություն է պետք: Կարեւորը, որ առաջին խաղում հաղթեցինք»:

«Ուլիսի» գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը նախքան բուն խաղին անցնելը նշեց, որ որտեղ էլ, որ աշխատել է հաղթել է մեկնարկային խաղում. «Չնայած, այս խաղում այդպիսի տպավորություն մոտս չկար, նման ներքին զգացում չունեի, որովհետեւ մի փոքր հաճախակի խաղացինք: «Արարատի» հետ գավաթային խաղից հետո մտավախություն կար` արդյո՞ք տղաները կվերականգնվեն: Մյուս դժբախտությունը այն էր, որ բացակայում էր Գագիկ Սիմոնյանը: Նրա հայրն էր մահացել»: Ամեն դեպքում Բարսեղյանը գոհ էր իր սաներից. «Գուցե ոչ բոլոր հարձակվողական գործողությունները հասան իրենց տրամաբանական վախճանին, բայց տղաների նվիրվածությունից եւ վերաբերմունքից գոհ եմ: Երկու կողմերից էլ քիչ էին գոլային հնարավորությունները: Երեւի խաղի տրամաբանական ելքը ոչ-ոքին էր»: