Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանը Ս. Սարգսյանի ղեկավարած կոռուպցիոն ռեժիմին է վտանգ ներկայացնո՞ւմ (տեսանյութ)

Քաղաքականություն
andrias-xukasyan

 ՄԻԵԴ-ն առաջիկայում քննության կառնի   «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ, մոտ 2 տարի կալանավորված Անդրիաս Ղուկասյանի գործը: Հայաստանի  դեմ ներկայացվող գանգատում բարձրացվել էր Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման հարցը՝   քաղաքական ընդդիմադիրների դեմ պետական իշխանության չարաշահումը: Դատարանը խնդրել է մինչև 2018թ. ապրիլի 11-ը ներկայացնել այնպիսի տեղեկատվություն, որը վկայում է դիմողի նկատմամբ Կոնվենցիայի հոդվածների խախտման եւ իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման մասին: «Նրանք  փաստաթուղթ ուզեցին, նաեւ այն դատական նիստի ձայնագրությունը, որի ժամանակ դատավորը հայտարարել էր, որ հարց էր տվել, թե արդյոք Անդրիաս Ղուկասյանը իր ընդդիմադիր գործունեությունը կշարունակի՞ , եթե ազատ արձակվի, այդ մասին նաեւ որոշման մեջ էր գրել»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ հավելելով՝- դիմող կողմն արդեն ուղարկել է այդ ձայնագրությունը: Այսինքն,  դա հիմք է տալիս մեզ ասելու, որ այդ մասով էլ քաղաքական դրդապատճառների մասով էլ են գործը քննելու»:    Պաշտպանը հուսով է, որ այդ փաստը կարձանագրվի: Իսկ այսօր դատարանում շարունակվեց  2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ Սասնա ծռերին միանալու փորձ կատարելու մեջ մեղադրվող  Անդրիաս Ղուկասյանի դատավարությունը:  Նիստի հենց սկզբում Անդրիաս Ղուկասյանի պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Վարդան Գրիգորյանին: Պաշտպանի  խոսքերով՝ դատավորը շարունակում է դատավարական խախտումներ թույլ տալ, սահմանափակել Անդրիաս Ղուկասյանի իրավունքները, մերժել միջնորդությունները, ուստի նրան կրկին բացարկ է հայտնում:  «Նոր բան հնչեցրեք, նույն բանը 10 անգամ չի կարելի կրկնել, տաֆտալոգիա է դուրս գալիս»,- ասաց դատավոր Վարդան Գրիգորյանը: Կարեն Մեժլումյանը համոզված է՝ Անդրիաս Ղուկասյանին նման մեղադրանք է առաջադրվել՝ Սարի թաղում խաղաղ ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ  ոստիկանների եւ քաղաքացիական հագուստով սադրիչների հարձակումները արդարացնելու համար:   Կարեն Մեժլումյանը ցանկացավ  ամերիկացի պրոֆեսորի հետ կապված օրինակը մեջբերել՝ ցույց տալու համար, թե ինչպես են ոստիկանները մարդու իրավունքները ոտնահարում, սակայն դատավորը  ընդհատեց նրան. «Պետք է  ԱԺ-ի նման լիներ, որ ձեր խոսափողն անջատեինք»: Անդրիաս Ղուկասյանի համար էլ անհասնակալի էր, թե ինչու է դատավորը իր խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժելիս նշել, որ ազատության մեջ լինելով,  նա կարող է լուրջ վտանգ ներկայացնել հանրային կյանքին: «Եթե դուք նշեիք, որ ես կարող եմ վտանգ ներկայացնել Սերժ Սարգսյանի ղեկավարած կոռուպցիոն ռեժիմին համաձայն կլինեի ձեզ հետ ամբողջությամբ»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը Այնուհետեւ նա  ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազին եւ բացատրեց,  թե ինչու է դա անում դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը զուգահեռ: «Դա հետխորհրդային պրակտիկա է տրոյկաների, երբ քննիչը, դատավորը եւ դատախազը կազմում են եռյակ, դուք էլ եք կազմում  եռյակ, պազապես ժամանակի եւ տարածության մեջ գործում եք իրարից անջատ, կամ մասամբ անջատ»,- ասաց նա:  Դատախազն առարկեց միջնորդության դեմ: Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին ութ այլ անձանց հետ մեղադրանք է առաջադրվել 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու համար, սակայն միայն նա  է շարունակում մնալ անազատության մեջ: