Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աստղիկ» ԲԿ-ն ինքնագործունեությա՞մբ է զբաղվել. նախարարը չի խորացել (տեսանյութ)

Քաղաքականություն
altunyan-1

«Երկու շաբաթ առաջ կառավարության որոշումով կատարվել է պետպատվերի վերաբաշխում, ինչի արդյունքում 280 մլն դրամ տրամադրվել է դիալիզի հիվանդներին օգնելու նպատակով: Դա նախատեսում է մոտ 11 հազար սեանս»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը` անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած դեպքին: Հիշեցնենք, որ առողջապահության նախարարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիների հավաքվել էին բողոքի ակցիայի. ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում դիալիզ ստացող հիվանդներին տնօրինությունը նախազգուշացրել էր, որ դիալիզի ծառայությունն այլևս անվճար չի լինելու, որ հիվանդներն այսուհետ մեկ դիալիզի համար պետք է վճարեն 18 հազար 100 դրամ: Ըստ տնօրինության՝ վերջացել էր հիվանդանոցին տրամադրվող պետպատվերի գումարը: «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ «Աստղիկ» ԲԿ-ն ինքնագործունեությամբ է զբաղվել՝ հիվանդներից գումար պահանջելով,նախարարը պատասխանեց. «Այդպիսի ներքին հարցերով զբաղվում են համապատասխան ատյանները եւ բաժինները, ես չեմ խորանում այդ հարցերում: Որպես առողջապահության նախարար ես մտահոգ եմ բնակչության առողջության համար»,- նշեց նախարարը՝ հավելով, որ հիվանդների իրավունքները վերականգնվել են շատ կարճ ժամկետում: Նախարարի կարծիքով թե հասարակությունը, թե հիվանդանոցների ադմինիստրատիվ կազմը պետք է ավելի շատ հետաքրքրվի օրենսդրական փոփոխություններով. «Այս պահին մենք գտնվում ենք առողջապահական բարեփոխումների շրջանում, մենք բազմիցս ենք ասել, որ անցումային փուլերը դժվար են լինելու»: Մանրամասնները՝ տեսանյութում