Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաղրամյան 26-ն է պատասխանատու ցմահների համար

Հասարակություն
sakunc

«Եթե հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ որեւէ բան պատահի, պատասխանատուն Բաղրամյան 26-ն է։ Նախագահական ինստիտուտը քաղաքական որեւէ կամք չունի ցմահ ազատազրկվածների գործերում որեւէ փոփոխություն կատարելու»,- «Ա1+»-ին ասաց իրավապաշտպան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Հոկտեմբերի 12-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող 45 ցմահ դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարել՝ իրենց գործերի վերանայման պահանջով։ Արթուր Սաքունցի խոսքերով՝ հացադուլը բողոքի ամենածայրահեղ քայլն է։ Ցմահ դատապարտյալները բազմիցս իրենց առաջարկությունները ներկայացրել են՝ պահման պայմանների, գործերի վերանայման վերաբերյալ, սակայն դրանք պատշաճ ուշադրության չեն արժանացել։ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը հիշեցնում է, որ ցմահ ազատազրկման դատապարտվածների կողմից բարձրացվող պահանջների մի մասը ներառված են սեպտեմբերից շրջանառության մեջ դրված օրինագծում. «Օրինագիծն ուղղված է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վիճակի բարելավմանը»։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը մտավախություն ունի, որ նախարարությունը պարզապես ցանկանում է մեղմել իրավիճակը. «Այն,   ինչը ներկայացնում է Արդարադատության նախարարությունը, եթե նախաձեռնել են, ցմահ ազատազրկման դատապարտվածները կիմանային։ Կամ իրենք իրենց սենյակներում են որոշել, որ պետք է կատարեն, կամ հացադուլի հայտարարությունից հետո դա հերթական հայտարարությունն է, որպեսզի լարվածությունը ինչ- որ չափով նվազեցնեն»։