Ոստիկանները դատի են տվել հաղորդավարին
ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներ Հովհաննես Քոչարյանը, Արթուր Մադաթյանն ու Սերգեյ Զաքարյանը հայցադիմում են ներկայացրել դատարան՝ ընդդեմ ինտերնետային «SOS Գ/7» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի։ Նրանք պնդում են, որ վերջինս հրապարակայնորեն վիրավորանքներ է արտահայտել եւ պահանջում են ենթարկել քաղաքացիաիրավական պատասխանատվության: Ոստիկանները վիրավորվել են «SOS Գ/7» հաղորդման 11-րդ թողարկումից, որում անդրադարձել են սեւազգեստ մայրերին փողոցով քարշ տալու մասին: Դեպքը տեղի էր ունեցել մայիսի 13-ին, երբ մի խումբ ոստիկաններ նախագահական նստավայրի դարպասի մոտից քաշքշելով, հրելով եւ հարվածելով հեռացրել են բողոքի ակցիա անցկացնող, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր Սերժ Սարգսյանի հետ հանդիպում են պահանջել։ Գործով նախնական դատական նիստը տեղի կունենա հուլիսի 28-ին ժամը 15:00-ին Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Դատական նիստը նախագահելու է դատավոր Արթուր Ստեփանյանը։