Հոսանքի հետ կթանկանա՞ն արդյոք բժշկական ծառայությունները
Վաղն առավոտյան կպարզվի Արմավիրի մարզի երեխաների մոտ առաջացած հիվանդության հարուցիչը։ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքերով՝ Ալաշկերտ գյուղից մինչեւ հիմա 12 հոսպիտալացված երեխա կա։ Սակայն նրանց վիճակը լավ է։ «Պետք է բացահայտել, թե ինչ տեսակի ինֆեկցիայի մասին է խոսքը գնում, իհարկե կլինիկական դրսեւորման թեթեւ ձեւն էր, եւ բոլորի վիճակը լավ էր, բայց սա չի բացառում, որ հասկանանք, թե ինչ հարուցիչի հետ մենք գործ ունենք, լաբորատոր տվյալներից ելնելով՝ թե հարուցիչը պարզ կլինի, թե նաեւ ինչ եղանակով է այն փոխանցվել»,- կառավարության նիստից հետո ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Հիշեցնենք, որ Արմավիր քաղաքի տարբեր մանկապարտեզներից սրտխառնոցի, փորացավի եւ բարձր ջերմության գանգատներով վերջին օրերին երեխաներ էին տեղափոխվել Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք։ Ի դեպ, այսօր լրագրողները Առողջապահության նախարարից հետաքրքրվեցին, թե արդյոք հնարավո՞ր է բժշկական ծառայությունների գները թանկանան, եթե բարձրանա հոսանքի սակագինը։ «Կոմունալ ծառայությունները եւ նաև հիվանդանոցների պահպանման ծախսերը ոչ մեծ տոկոս են կազմում ծառայությունների հիվանդանոցային օգնության ընդհանուր գնագոյացման մեջ։ Կարծում եմ, որ էական ազդեցություն պետք է, որ չունենա»,-եզրափակեց նախարարը։