«Գյուլունյա». մոռանանք ողբը
«Զարմանալիորեն ստացվել է»,- այսպես է արձագանքել ԱԺ պատգամավոր, լրագրող Մարգարիտ Եսայանի նամակին գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը՝ ծանոթանալով նրա «Գյուլունյա» վեպին։
Մինչ այդ Մարգարիտը սկսել է վերհիշել ու գրի առնել իր սկեսրոջ պատմությունները՝ վերջինիս սկեսրոջ մասին. այդ պատմությունները, որ ժամանակին նույնիսկ նյարդայնացրել են Մարգարիտին, սկսել են հետապնդել նրան։ Երբ սկսել է գրի առնել, տպավորություն է ունեցել, թե ինչ-որ մեկը հուշում է կողքից, «կտկտացնում ստեղնաշարին»։
Այս գրառումները Մարգարիտ Եսայանը վստահում է հրապարակախոս Անահիտ Ադամյանին. «Մի տես, թե ինչ է սա»։
«Շարունակիր, ծիտ»,- արձագանքել է Անահիտը (նա այսպես է դիմում Մարգարիտին)։
Այսօր Մարգարիտը մանկան անկեղծությամբ ու սրտի թրթիռով դահլիճում ներկայացնում է ամուսնուն ու նրա գերդաստանին. Գյուլունյան Մարգարիտ Եսայանի ամուսնու տատիկն է։ Եղեռնից մազապուրծ գերդաստանի անդամները ներկա էին «Գյուլունյա» գրքի շնորհանդեսին, որ տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Միջոցառմանը ներկա էին քաղաքական, մշակութային գործիչներ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Գյուլունյա»-ի վրա Մարգարիտ Եսայանն աշխատել է 5 տարի, Հայոց ցեղասպանությունը վերապրած կնոջ եւ նրա ընտանիքի պատմությունն է: Այստեղ լացուկոծ ու ողբ չեք գտնի։ Հեղինակն ինքն ուզում է, որ մենք մեր հիշողությունից հանենք ողբը, որ մեզ կոտորել են, մաքրենք մեզ այդ ցավից ու նայենք առաջ. «Չէ՞ որ մենք կանք՝ ի հեճուկս մեզ ոչնչացնել ցանկացողներ»։
«Գյուլունյա»-ն կառուցված է իրական պատմությունների հիման վրա, միայն մի քանի «հորինվածքներ» կան՝ անկեղծանում է հեղինակը, բայց հերոսները բացարձակ իրական են։
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին գիրքը դուր է եկել, նա հոգեհարազատ կոլորիտ էր տեսել՝ հայրենադարձների առօրյայի, սովորույթների հետ կապված. մեր սիրելի զեյթունը, բաստուրման, սուրճը հենց նրանք են ներմուծել մեր կյանք։
Անդրադառնում է գրքի հոգեբանական խորությանն ու միաժամանակ՝ պարզությանը։ Ի դեպ, գիրքը մշակույթի նախարարության աջակցությամբ նաեւ կհրատարակվի անգլերեն: