Նաիրիտցիներն ավելի կոշտ միջոցների կարող են դիմել. ակցիա
Այս պահին հարյուրավոր նաիրիտցիներ հավաքված են կառավարության շենքի դիմաց. նրանք պահանջում են իրենց աշխատավարձերի մարում։ Նախորդ անգամ կառավարության դիմումների եւ բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը խոստացել էր նրանց, որ այսօր կներկայացվի աշխատավարձի մարման հստակ ժամանակացույց, սակայն այստեղ մեկ ժամից ավել կանգնած նաիրիտցիներին կառավարությունից որեւէ մեկը դեռ չի հանդիպել։ «Ա1+»-ի հետ զրույցում «Նաիրիտ»-ի աշխատակիցները նշում են, որ կառավարությունն ամեն կերպ ժամանակ շահելու համար խաբում է իրենց եւ խուսափում հանդիպումից։ Նրանք նշում են, որ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն ավելի կոշտ միջոցների՝ հացադուլներ եւ նստացույց կանեն։ Աշխատակիցներից մեկն էլ նշում է, որ այս ամենն ընդունելի կլիներ, եթե երկիրը փող չունենար աշխատավարձերը մարելու համար, սակայն վստահ է, որ խնդիրը դրա մեջ չէ։ Այս պահին նրանք վանկարկում են «Պարտքի մարում» եւ պարզել են «մենք չենք ուզում դառնալ գաղթական, պաշտպանեք ՀՀ քաղաքացու ապրելու եւ աշխատելու Սահմանադրական իրավունքը», «Կառավարությունը Նաիրիտին պարտք է 5 մլրդ դրամ» բովանդակությամբ պաստառներ։