Media.am. «Արմնյուզ»-ը որոնումների մեջ է. Արմեն Արզումանյան
«ՊանԱրմենիան մեդիա գրուպ»-ի ղեկավարությամբ գործող ալիքներում 2015 թվականի սկզբից կառուցվածքային փոփոխություններ կատարվեցին: Այդ փոփոխությունների ու ընդհանրապես մոտ ապագայում հեռուստատեսության տրանսֆորմացիաների մասին հոլդինգի գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանն իր հստակ պատասխանն ունի: Նա առաջարկում է հրաժարվել ավանդական տերմինաբանությունից, քանի որ շատ հասկացություններ վերջնականապես հնացել են:
Երկար տարիներ հեռուստադաշտում աշխատող Արմեն Արզումանյանը եզրակացնում է, որ մեր հասարակության մեջ հեռուստատեսության դերը գերագնահատված է. «Միգուցե որպես մենեջեր նման բան ասելու իրավունք չունեմ, բայց իրոք այդպես է: Հեռուստատեսությունը տեղեկություն ստանալու ու ժամանացը կազմակերպելու ուղիներից մեկն է ընդամենը: Կան նաեւ այլ, ոչ պակաս հետաքրքիր ուղիներ»:
Ինչպե՞ս կարելի է բնութագրել հոլդինգի կազմում եղած ալիքների վերադասավորումները:
Այս պահին երեք հեռուստաընկերություններից յուրաքանչյուրն իր առանձնահատուկ խնդիրն ունի: «Արմենիա»-ն պետք է հեռուստաշուկայում պահպանի առաջատարի իր դիրքը, բայց եւ բարեփոխումների միջոցով դառնա սոցիալապես ավելի պատասխանատու ալիք:
«ԱԹիՎի»-ն պիտի փորձի ընդլայնել իր ազդեցությունը՝ դառնալով լիարժեք ընտանեկան հեռուստաընկերություն: Այդպիսի ալիքի տեղը որոշ իմաստով թափուր է մեր հանրապետությունում:
«Արմնյուզ»-ը որոնումների մեջ է: Այն այժմ անցում է կատարում մաքուր լրատվականից դեպի երիտասարդական-ժամանցային, լրատվական հեռուստաընկերություն: Ինտերնետի դարում հեռուստատեսությունը պիտի փորձի վերագտնել իրեն: Ի վերջո, հիմա գծային լրատվությունն այդքան հետաքրքիր չէ, որքան ինտերնետային լրահոսը, որի մեջ հայտնված մարդը մի քանի վայրկյանում կարող է պատկերացում կազմել (գոնե տեսականորեն), թե ինչ է կատարվում աշխարհում: Իսկ հեռուստատեսության դեպքում դիտողը ստիպված է առնվազն կես ժամ հեռուստացույց դիտել՝ օրվա պատկերը հասկանալու համար: Այդ պատճառով էլ լրատվական հեռուստաընկերության համար ճգնաժամ է ամբողջ աշխարհում: «Արմնյուզ»-ը նույնպես որոնում է իր տեղը:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում