Օրենքի որոշ դրույթներ Սահմանադրության պահանջներին հակասում են
Սույն թվականի հունվարի 27-ին Սահմանադրական դատարանը քննության էր առել սնանկացած և հետագայում ֆինանսապես առողջացած պարտապանների իրենց պարտավորությունների կատարման գործընթացը կարգավորող «Սնանկության մասին» օրենքի որոշ դրույթների ՀՀ Սահմանադրության համապատասխանության վերաբերյալ գործը: Սահմանադրական դատարանը վերոնշյալ օրենքի վերլուծության արդյունքում արձանագրել է, որ որոշ բացառություններով առողջացած կազմակերպությունը ազատվում է պարտավորությունների կատարումից, ինչպես օրինակ վճարել դրամ, հանձնել գույք և այլն: Դատարանը նշվածի կապակցությամբ սահմանել է, որ իրավաչափ չի համարում սնանկության գործընթացի շրջանակներում առողջ ճանաչված պարտապանին ընտրողաբար պարտավորություններից ազատելը, քանի որ տարբերակված մոտեցում է նախատեսվում հարկային պարտավորությունների պարտատեր հանդիսացող պետության և այլ տեսակի պարտավորությունների պարտատերեր հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև: Սահմանադրական դատարանը արձանագրել է նաև, որ «Սնանկության մասին» օրենքի կարգավորումներից հետևում է, որ բոլոր այն պարտատերերը, ովքեր որևէ պատճառով չեն տեղեկացել http://www.azdarar.am հասցեում գտնվող հրապարակային ծանուցումների կայքում հրապարակված հայտարարությանը կամ չեն համարվում պահանջների ընդհանուր ծավալում ամենախոշոր պահանջ հաշվառած պարտատերեր, զրկվում են իրենց իրավունքների հետագա պաշտպանության իրավական հնարավորություններից: Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման իրավակարգավորումը ոչ միայն պարտատերերի իրավունքների ոտնահարման իրական վտանգ է պարունակում, այլև մեծ են նաև կոռուպցիոն ռիսկերը: Ուստի դատարանը սահմանել է, որ առաջին հերթին սնանկացման հայտ ներկայացնելիս պարտապանն է պարտավոր հստակ ներկայացնել իր պարտավորությունների իրական պատկերը: Բացի դրանից, բոլոր այն պարտատերերը, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն ծանոթացել http://www.azdarar.am հասցեում գտնվող հայտարարությանը, հետագայում դատական կարգով իրենց իրավունքների պաշտպանության հնարավորություն պետք է ունենան: Սահմանադրական դատարանը արձանագրել է նաև, որ օրենսդիրը պետք է նախատեսի պարտապանի արդյունավետ ծանուցման և պարտավորությունների գրանցման ընթացակարգ, որը գործնականում կբացառի սնանկության գործընթացի մասին շահագրգիռ անձանց օբյեկտիվորեն ոչ իրազեկված լինելու իրավիճակները: Արդյունքում սահմանադրական դատարանը որոշեց, որ «Սնանկության մասին» օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության կարգավորումը որով պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից և նույն հոդվածի 4-րդ մասի կարգավորումը, որով դատարանի կողմից հարգելի ճանաչված դեպքերում բացառություն չի նախատեսում նաև ավարտված սնանկության գործի շրջանակներում պահանջ չներկայացրած պարտատերերի համար, ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր: Որոշումն ամբողջությամբ՝ http://concourt.am/armenian/decisions/common/2015/pdf/sdv-1189.pdf