Քաղաքապետարանի փոփոխությունները՝ ի վնաս երեւանցիների
Երևան քաղաքի Նոր-Նորք համայնքի 4-րդ զանգվածի բնակիչները իրենց դժգոհությունն են հայտնում վերջերս 53 համարի երթուղային ավտոբուսի գործունեությունը 4-րդ զանգվածից դադարեցնելու և այլ ուղղությամբ տեղափոխելու առնչությամբ։ Նրանք նշում են, որ իրենց միակ հույսը 53 համարի ավտոբուսն էր, առանց որի բնակիչները ստիպված են 1 կմ-ից ավել ոտքով իջնել դեպի Գայի պողոտա, որպեսզի օգտվեն այլ տրանսպորտային միջոցներից: Իսկ Ջրվեժից 4-րդ զանգվածով դեպի Կիլիկիա ավտոկայան գնացող 5 համարի ավտոբուսից բնակիչներն առհասարակ չեն կարողանում օգտվել, որովհետև 5 համարի ավտոբուսը գրեթե միշտ գերծանրաբեռնված է Ջրվեժից կենտրոն տեղափոխվող բնակիչներով: Դիմելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին` բնակիչները խնդրում են անհապաղ վերականգնել ավտոբուսի գործունեությունը նույն ուղղությամբ: Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ էլ ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն էր այս մասին ահազանգել՝ նշելով, որ քաղաքապետարանի փոփոխությունները տրանսպորտի հարցում ի նպաստ քաղաքացիների չեն արվել։