Սահմանամերձ գյուղի փոքրիկներն արդեն կարող են նկարել
Սահմանամերձ Նավուր գյուղի փոքրիկներն արդեն կարող են իրենց գյուղում հաճախել նկարչական խմբակ: Տարիներ շարունակ մոտակա նկարչական դպրոցը եղել է միայն Բերդ քաղաքում: Ծնողների խոսքով՝ ոչ բոլորը կարող են իրենց երեխաներին տանել Բերդի գեղարվեստի դպրոցը, որովհետև դա կապված է ծախսերի հետ. գյուղից դեպի Բերդ միակ տրանսպորտային միջոցը տաքսին է: Գյուղապետարանը ընդառաջ է գնացել ծնողների առաջարկին և երեխաներին է տրամադրել գյուղապետարանի փոքրիկ սենյակներից մեկը: Չնայած սուղ պայմաններին, երեխաները մեծ ոգևորությամբ են հաճախում գյուղապետարանի շենքում գտնվող նկարչության խմբակը: Խմբակի ղեկավար Սիրամարգ Այդինյանը զարմացած է իր սաների ընդունակություններով և տաղանդով. «Այս երեխաները կարող են մեր վաղվա նկարիչները դառնալ, և որ ամենակարևորն է՝ նրանք ձգտում ունեն դեպի արվեստը: Մի քանի ամսվա ընթացքում նրանք զարմանալի արդյունք են ցուցաբերել»: Համապատասխան պարագաները երեխաները ձեռք են բերել սեփական միջոցներով:Այդ հարցում նրանց օգնել են պապիկները և հայրիկները՝ պատրաստելով նկարչական մոլբերտներ: