Ցիանային գործարանի հայտը նման է կարի գործարանի նախագծի. Էկոլուր
«Բակտեկ Էկո» ՍՊԸ-ն ՀՀ Լոռու մարզի Արջուտ համայնքի տարածքում մտադիր է կառուցել ցիանային գործարան: Սույն թվականի հունվարի 23-ին` ժամը 12.00-ին, Արջուտի գյուղապետարանում, տեղի կունենան Արջուտի ոսկու հանքավայրի վերամշակման գործարանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները: Նշենք, որ «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ն արդեն իսկ ստացել է Արջուտի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման թույլտվությունը ՀՀ բնապահպանության նախարարությունից: Այս հայտով ընկերությունը խախտում Արջուտի հանքավայրի շահագործման նախագծի ՇՄԱԳ-ի բնապահպանական փորձաքննության եզրակացությունը, քանի որ նախագծի նախաբանի 2-րդ կետում նշված է. «Արդյունահանված հանքաքարերը տեղափոխել մինչև 30 կմ հեռավորության վրա գտնվող Արմանիսի հանքահարստացուցիչ ֆաբրիկա» եւ ոչ մի խոսք չկա ցիանային գործարանի մասին: Հայտում նշված չէ, թե գործարանը Արջուտ գյուղի որ կողմում է լինելու, որքան տարածք է զբաղեցնելու, բնակելի տներից որքան հեռավորության վրա է գտնվելու, ինչպիսի բուսական եւ կենդանական տեսակներ կան այդ տարածքում: Տվյալ տարածքը գտնվում է 8-9 բալ ուժգնությամբ սեյսմիկ գոտում: Արջուտ համայնքի ավագանու 2014թ. նոյեմբերի 20-ի N22-Ա որոշմամբ՝ Արջուտ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 40.4 հա գյուղատնտեսական նշանակության հող Արջուտի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով փոխադրվել է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայի: Միայն բացահանքի օտարման տարածքը կազմում է 15.7հա, իսկ լցակույտինը` 13.6հա: Ստացվում է, որ տրամադրված 40.4 հեկտարից գործարանը կզբաղեցնի 11.1 հեկտար տարածք: Հողատարածքի պայմանագրային արժեքը գնահատվել է ընդամենը 15.0 հազար դրամ մեկ հեկտար տարածքի համար: Հանքավայրի 3080.9կգ ոսկու, 17.64տ արծաթի և 6821տ պղնձի պաշարների դիմաց: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում