Շտապ օգնության կանչերի թիվն ավելացել է
Անցյալ տարվա ընթացքում Երևանի Շտապ օգնության ծառայությունը 226.357 կանչ է ստացել։ 43 հազարից ավելի դիմածները տեղափոխվել են հիվանդանոց։ «2013 թվականի համեմատ նախորդ տարի 7778-ով ավելացել է կանչերի թիվը»,-հայտնել է Շտապ օգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ Նրա խոսքով, ավելացել է նաև մանկական կանչերի թիվը։ 2014-ին գրանցվել է 23 հազարից ավելի կանչ, որից 8000-ի դեպքում երեխաները տեղափոխվել են հիվանդանոց։ Տիկին Ստեփանյանը կարծում է, որ կանչերի ավելացումը կապված է ծառայության նկատմամբ մարդկանց վստահության ավելացմամբ։ Ընդհանուր առմամբ, Շտապ օգնությանը դիմածների ճնշող մեծամասնության գանգատները կապված են եղել սիրտ-անոթային, սուր շնչառական հիվանդությունների և տրավմաների հետ։ Սակայն այս տարվա առաջին տասն օրերի ընթացքում կոտրվածքների դեպքերը հատուկենտ են եղել։ «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե արդյոք չե՞ն լինում փորձեր գումար վճարելու ծառայության դիմաց, Շտապ օգնության ծառայության տնօրենը նշել է. «Չեմ բացառում, որ շատ հազվադեպ փորձեր կլինեն գումար վճարելու։ Բայց մենք աշխատում ենք անվճար՝ բոլորի համար, և միայն որոշ դեղամիջոցների դեպքում ենք գումար վերցնում»։ Տիկին Ստեփանյանը նաև նշել է, որ աշխատակիցներին բաժանված են պլանշետներ և նրանք, այցելելով հիվանդին, կարող են անուն-ազգանունը գրելով, անմիջապես իրենց աչքի առջև ունենալ նրա՝ նախկինում ունեցած առողջական խնդիրները, որոնց համար ինքը դիմել է ծառայությանը։