Բքի պատճառով որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին` ժամը 10:00-ի դրությամբ, սաստիկ բքի և թույլ տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Սևան-Դիլիջան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները դժվարանցանելի են, Բերդ-Ճամբարակ ճանապարհը՝ փակ: Սևանի, Գավառի, Մարտունու, Սարավանի լեռնանցքի ավտոճանապարհներին և Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով: Սևանում, Գավառում, Վարդենյաց լեռնանցքում ուժեղ քամի է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն