Հայ բալերոնները կպարեն Մարինյան թատրոնում
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնը պատրաստվում է իր այս խաղաշրջանի վերջին հյուրախաղին: Հուլիսի 20-ին, թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի գլխավորությամբ, նրանք կմեկնեն Սանկտ Պետերբուրգ՝ Մարինյան թատրոնի հրավերով։ Հուլիսի 22-ին և 23-ին բալետային խումբը Մարինյան թատրոնում կներկայացնի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Ներկայացման բեմադրողը թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանն է: Մեր բալերոնների համար կնվագի Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, որը կղեկավարի դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Ի դեպ, տոմսերը արդեն ամբողջությամբ սպառվել են: Նոր խաղաշրջանը մեր բալետային խումբը կսկսի սեպտեմբերին։ Սեպտեմբերի 20-ից նախատեսվում են հյուրախաղեր Քաթարում ` Ռուդոլֆ Խառատյանի բեմադրած «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացմամբ: