Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԵԿ-ը կորցնում է նաեւ իր տարածքները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
N-3n7yZZdN4

Ագրարային համալսարանի բակի 262 քմ տարածքը կռվախնձոր է դարձել։ 2012թ. կառավարության որոշմամբ տարածքը հատկացվել է Ագրարային համալսարանին: Իսկ ՕԵԿ-ը ներկայացնում է մեկ այլ փաստաթուղթ՝ նույն տարածքը 2008թ. տրվել է կուսակցությանը։ ՕԵԿ-ին տարածքը տրամադրել է ոչ թե կառավարությունը, այլ Երևանի քաղաքապետարանը։ Ի դեպ, հենց այդ ժամանակ էլ, մայիսին՝ 2008թ. նախագահի ընտրություններից հետո, կուսակցությունը ընդդիմությունից սահուն անցավ իշխանական ճամբար, եւ ՕԵԿ-ի առաջնորդը զբաղեցրեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Այսօր արդեն կրկին ճամբար փոխած եւ իրեն ընդդիմություն հայտարարած ՕԵԿ-ը նույն տարածքում պատրաստվում է շինարարություն իրականացնել, ինչին դեմ է կառավարության որոշմամբ տարածքի սեփականատեր Ագրարային համալսարանը։ Իսկ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կուսակցության անունից վստահեցնում է, թե իրենք գործում են օրենքի շրջանակներում։ Նա դիմել է դատարան, եւ իր իսկ խոսքով՝ քննիչ Տիգրան Մուրադյանը իրեն ասել է. «Դուք կարող եք քանդել»։ Ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանի համար պարոն Մարգարյանի հայտարարությունը մեղմ ասած հավատ չի ներշնչում: Նա մեր ներկայությամբ անձամբ կապ հաստատեց քննիչի հետ եւ փոխանցեց նրա բառերը։ Փաստն այն է, որ Աբովյան 42 տարածի վերաբերյալ այսօր երկու փաստաթուղթ կա, որոնք վկայում են, որ այն երկու տեր ունի։ Մինչ դատարանը կփորձի պարզել, թե ով է իրական սեփականատերը բուհը ՕԵԿ-ից պահանջում է դադարեցնել քանդման աշխատանքները։ Իսկ նախկին կոալիցիայի անդամ կուսակցությունը մտադիր չէ երկար սպասել։ «Մենք կպահանջենք պատկան մարմիններից, որ արագացնեն գործի քննությունը, լրացուցիչ փաստաթղթեր տան մեզ, որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր աշխատանքները»,- ասում է ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը։ Ի դեպ, ՕԵԿ մամուլի խոսնակը չի էլ թաքցնում, որ տարածքը ձեռք են բերել իշխանության մաս կազմելուց հետո: Իսկ ինչու այսօր նրանց թույլ չեն տալիս տնօրինել այն. «Դա համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ ՕԵԿ-ը որոշում է մաս չկազմել քաղաքական կոալիցիային»։ Թե որքան կտեւի գործի քննությունը, Համալսարանին այդքան էլ չի հետաքրքրում։ Պրոռեկտորի խոսքով՝ փաստն այն է, որ իրենք իրական սեփականատերերն են՝ Կառավարության որոշմամբ, որի դեմ Երեւանի քաղաքապետարանը չի կարող որոշում կայացնել, թեկուզ ՕԵԿ-ի օգտին։