«Հին Էրիվանը» բանկին պարտք է 3,103,867,029.42 ՀՀ դրամ (տեսանյութ)
«Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը շնորհակալ է վարչապետ Հովիկ Աբրահամյանին իրեն ընդունելու համար, սակայն հանդիպումից անցել է 14 օր, եւ ոչ մի նորություն չկա։ Վարչապետը գործարարին խոստացել է, որ «Հին Էրիվան»- Յունիբանկ խնդիրը կփորձեն լուծել դրական ձեւով։ Հանդիպումից թեեւ անցել է 14 օր, սակայն ոչ մի նորություն չկա։ «Վարչապետը շատ ծանր կացության մեջ է մեր խնդիրները լուծելու առումով, քանզի դիմացը կանգնած է սուպեր նախարար Դավիթ Հարությունյանը եւ Դավիթ Հարությունյանի մյուս եղբայր Վահան Հարությունյանը։ Դեռ մայիսի սկզբներին կանադահայ գործարարին հրավիրել է Հայաստան՝ «Հին Էրիվան»-ի շենքը վաճառելու նկատառումով։ Սակայն նա ինչ կապ ունի «Հին Էրիվան»-ի հետ, ես չգիտեմ»,- այսօր լրագրողներին հայտնեց Մանվել Տեր-Առաքելյանը։ Նրա խոսքերով՝ կանադահայ գործարարից Վահան Հարությունյանը վերցրել է 19000 դոլար՝ գործը գլուխ բերելու համար, սակայն հետո, առանց գործարքի, նրան ճանապարհել են։ Հիշեցնենք, որ «Հին Էրիվան»-ը սնանկ է ճանաչվել այս տարվա հունվար ամսին։ Սակայն գործարարը համոզված է, որ պարզապես ցանկանում են Երեւանի կենտրոնում գտնվող այդ շենքը իր ձեռքից խլել։ «Յունիբանկ»-ի տվյալներով՝ «Հին Էրիվանը» բանկին պարտք է 3,103,867,029.42 ՀՀ դրամ: