Մարզերում անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մեծ պահանջարկ կա
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այս տարվա շրջանավարտները և առողջապահական ոլորտի տարբեր սերնդի առաջատար մասնագետները հանդիպեցին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ: Ներկայացնելով հանդիպման հիմնական նպատակը` ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ասաց. «Այն կարող ենք անվանել «Երիտասարդի մասնագիտության ընտրության մտորումներ»: Նեղ մասնագիտացման որոշումը բժշկական աշխարհում հեշտ չէ կայացվում: Պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ձեզ հետ կկիսվի իր փորձով, խորհուրդներով ու մտորումներով»: Ողջունելով մասնակիցներին, այդ թվում` իր ուսուցիչներին, ավագ և երիտասարդ գործընկերներին, Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ հանդիպման հիմնական նպատակն է բժշկական համալսարանն ավարտող շրջանավարտներին ներկայացնել ընտրության լայն հնարավորությունները: «Մարզերում որակյալ մասնագետների` մասնավորապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մեծ պահանջարկ կա: Պետք է նշեմ, որ մարզային ենթակայության շատ հիվանդանոցներ նյութատեխնիկական իրենց հագեցվածությամբ, արդիական սարքավորումներով այսօր չեն զիջում Երևանի բժշկական կենտրոններին»,-ընդգծեց նախարարը` ավելացնելով, որ մարզային իշխանությունների հետ բանակցային աշխատանքներ են տարվում մարզ մեկնելու ցանկություն ունեցող երիտասարդների համար ինչպես ֆինանսական, այնպես էլ բնակարանային ու կենցաղային բավարար պայմաններով ապահովելու ուղղությամբ: Նաև տեղեկացրեց, որ մարզում աշխատող երիտասարդ մասնագետների համար ՀՀ առողջապահության նախարարությունն առաջիկայում արտերկրում մասնագիտական վերապատրաստում անցնելու հնարավորություն կընձեռնի: Արմեն Մուրադյանը հույս հայտնեց, որ աստիճանաբար կձևավորվի այնպիսի մոտեցում, համաձայն որի մարզային բժշկական հաստատություններ ուղեգրվելը մասնագիտական լուրջ փորձ ձեռք բերելու և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հրաշալի հնարավորություն է: Ոլորտի ղեկավարը շրջանավարտներին հորդորեց առաջին հերթին առաջնորդվել մարդկանց անշահախնդիր օգնելու, ապաքինելու մեծ ցանկությամբ: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր մասնագիտություն պետք է ընտրել պատասխանատվության բարձր զգացումով: Որպես բժիշկ, վիրաբույժ և առողջապահության կազմակերպիչ կայացման գործում Արմեն Մուրադյանն առանձնակի կարևորեց իր ուսուցիչների դերը, ովքեր մշտապես սատարել են մասնագիտական առաջին քայլերը կատարելիս: Առողջապահության նախարարություն