Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սեդրակյանն ու Ալեքսանյանն օդից չեն եկել» (տեսանյութ)

Քաղաքականություն
Suqias-nkar

«Երկու քաղաքական ուժերը միասին քայլելու են առաջ, փորձելու են այն կնճռոտ հարցերը, որ կան մեր երկրում ծառացած, լուծումներ տան»,-ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի վերաբերյալ այսօր ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Սակայն նա շեշտեց, որ եթե մտածում ենք, որ շատ արագ և զգալի փոփոխություններ կլինեն երկրում, դա այդպես չէ: Արդյո՞ք Դաշնակցությունը միայն պորտֆելների համար չէ իշխող կուսակցության հետ համագործակցում. «Չեմ կարծում, որ միայն պորտֆելների խնդիր կա: Եթե համագործակցություն է, ապա պետք է լինի տարբեր բնագավառներում, այդ թվում՝ գործադիրի: Իսկ գործադիրի դեպքում նշանակում է՝ զիջել որոշակի պորտֆելներ քաղաքական այն ուժին, որի հետ համագործակցության հուշագիր է ստորագրվել: Սա չի նշանակում, որ 2017 թվականին մենք միասին ենք գնալու ընտրություններին: Դա դեռևս քննարկման խնդիր է»,-շեշտեց պատգամավորը: Խոսելով Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության մասին, պարոն Ավետիսյանն ընդգծեց, որ քաղաքական ուժերից շատերը չթաքցրին իրենց ելույթներում, որ ուզում են տեսնել Մարդու իրավունքների պաշտպան այն մարդուն, որը քաղաքական բոլոր ուժերի կողմից է ընտրված: «Դա նշանակում է, որ ՄԻ պաշտպանը կլինի ավելի ուժեղ»: Անդրադառնալով իր կուսակից պատգամավոր Մհեր Սեդրակյանին, որի դեմ լրագրողներն ակցիա իրականացրին՝ պահանջելով պատժել լրագրողների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքի համար, պարոն Ավետիսյանն ասաց. «Եթե մարդը չի ուզում լրագրողին պատասխանել, ուրեմն պետք չէ խոսափողը բերանը կոխել կամ այդ մարդու դիմացը փակել, ասել՝ չէ, պարտադիր դու պետք է պատասխանես»: Պատգամավորը վերջերս անգամ ուսումնասիրել է այլ երկրների փորձն այս առումով. «Շատ երկրներում, օրինակ Նիդերլանդներում, թույլ չեն տալիս, որ լրագրողը պատգամավորին մոտենա: Օգնականի միջոցով պայմանավորվում են և հետո նոր հարցազրույց անցկացնում: Դուք տեսե՞լ եք՝ ինչ է կատարվում խորհրդարանում. պատգամավորը դուրս է գալիս դահլիճից, հանկարծ մի 15-20 լրագրող մոտենում են, ամեն մեկն իր համար հարց է տալիս»: Պատգամավորը կոչ արեց չմոռանալ. «Եվ Մհեր Սեդրակյանին, և Սամվել Ալեքսանյանին ընտրել է մեր ժողովուրդը, իրենց ընտրողները, որոնք օդից չեն եկել: Նրանք մեր ժողովրդի ներկայացուցիչներն են»: