«Եթե պատերազմ լինի, պարենամթերքի ամբողջ պահանջարկը չենք կարողանա ապահովել» (տեսանյութ)
Այսօր Պարենի համաշխարհային օրն է: «Մեր երկիրը պարենային ապրանքների առումով այնքան էլ ինքնաբավ չէ: Եթե հանկարծ պատերազմ լինի, մենք չենք կարողանա բնակչության ամբողջ պահանջարկն ապահովել»,-ահազանգում է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Ո՞ր մթերքներն են լիովին արտադրվում տեղում և որո՞նց դեպքում խնդիր կա. «Կարտոֆիլը համարյա 100 տոկոսով ապահովված է, ցորենը՝ մոտ 80 տոկոսով: Սակայն քիչ են արտադրվում խոշոր եղջերավոր անասուններ, խոզի միսն էլ քիչ է: Եվ արդյունքում մոտ 800 մլն դոլարի պարենային ապրանք Հայաստանը ներկրում է արտերկրից»,- շեշտեց պարոն Չիլինգարյանը: Խնդիրներն այս ոլորտում քիչ չեն. «ԵՏՄ մտնելուց հետո մեր երկիրը Ռուսաստանից և միության անդամ այլ երկրներից ավելի շատ է սկսել ապրանք ներմուծել: Բայց այստեղ առկա է ԱԱՀ-ի խնդիրը: Ճանապարհի խնդիր էլ ունենք. միակ ճանապարհը Վրաստանով է, բայց մեզ հայտնի է, որ Լարսի ճանապարհը համարյա տարվա կեսը փակ է: Բեռնված մեր ավտոբուսները օրերով կանգնում են այնտեղ, ապրանքն էլ փչանում է»,-շեշտեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն»-ի ղեկավարը: Թեև վերջին տարիներին պարենային ապրանքների անվտանգությունը բարձրացել է, բայց միևնույն է՝ կան խնդիրներ: «Օրինակ հացի արտադրանքը. գործարանները որոշ չափով վերահսկում են մաքրության, որակի առումով, սակայն փոքր փռերում գրեթե դա չկա: Բացի այդ, բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ մեքենաներով և ինչ ձևով են հաց բաժանում խանութներին: Մսամթերքի առումով էլ խնդիր կա: Ներկրված ապրանքներից շատերի դեպքում էլ մակնշումը բացակայում է, տեղում նորն են փակցնում, հինը հաճախ ջնջում: Ստացվում է, որ օրենք կա, բայց վերահսկողություն չկա դաշտում»: Հարցին, թե ի վերջո ո՞վ պետք է վերահսկողություն սահմանի այս հարցում, սպառողների հարցերով զբաղվող մասնագետը նշեց. «Դե Սննդամթերքի անվտանգության ծառայությունը պետք է դա անի, բայց իրենք հաճախ նշում են, թե հնարավորություն չունեն վերահսկելու, ֆինանսական և այլ ռեսուրսներ չունեն: Այս հարցերը չգիտեմ, թե ե՞րբ կլուծվեն»: