Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչո՞ւ եք մեր երկիրը գրավի տակ դնում». հարցեր Սերժ Սարգսյանին

Կարևոր լուրեր Հասարակություն
d88928fe71b3b9508a3899cbe732f6b4

«Նաիրիտ» գործարանի հետագա գործունեությամբ մտահոգ ԿԱՄՔ քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանն այսօր անդրադարձել է Սերժ Սարգսյանի փետրվարի 15-ին ասված խոսքերին: Դրանք մասնավորապես հետեւյալն էին. «Եթե որոշ սադրիչներ մոլորության մեջ չգցեն «Նաիրիտի» աշխատողներին, ապա մենք, անկախ որևէ հանգամանքից, այս տարի, ամենայն հավանականությամբ, սկսելու ենք նոր «Նաիրիտի» կառուցումը, գոնե նախագծահաշվարկային աշխատանքները, նախնական պայմանագրերը կան, եւ հնարավորության դեպքում հին «Նաիրիտի» գործարկում: Սա եւս շատ մեծ հնարավորություն է ընձեռում մեզ»: Արտաշես Ավետիսյանը մի քանի հարց է բարձրացնում. «Ինչպե՞ս կարող եք բացատրել 15 ամսվա կուտակված աշխատակիցների աշխատավարձերը: Ինչպե՞ս կարող եք ներկայացնել այն հանգամանքը, որ 2010 թվականից աշխատակիցները որեւիցե պաշտոնական տեղեկատվություն չեն ստացել ձեր կողմից այդ խնդրում և ստիպված են պահանջատեր լինել իրենց աշխատանքի համար: Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այն հանգամանքը, որ աշխատակիցների նկատմամբ իրականացվում են աշխատանքային օրենսգրքի խախտումներ` 198 հոդվածի 1-ին մասով: Ինչպե՞ս կարող եք ներկայացնել հանրությանը «Շանսի-Նաիրիտ»-ի խնդիրը, որը աշխատում է սկսած 2010 թ.-ից. և ըստ Իոսիֆ Իսայանի տվյալների՝ այն 2013 թ.-ին 40 միլիոն դոլարի արտադրանք է ստացել, իսկ հորինված «Նաիրիտ» 2-ը նույնպես պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություն է, որը ստանում է հայկական կողմի 40 տոկոս մասնաբաժինը, որը կազմում է 16 000 000 մլն ԱՄՆ դոլար, եւ այդ գումարները հերիք էին, որպեսզի վճարվեին աշխատակիցների ուշացված աշխատավարձերը»: Արտաշես Ավետիսյանը ի պաշտպանություն նաիրիտցիների կազմակերպված ցույցը համարում է օգնություն քաղաքացիներին, ովքեր անորոշության մեջ են, այլ ոչ թե սադրանք: «Հարցերս շատ են, օրինակ՝ ինչպե՞ս եք հաջողացրել մեր պետությունը արդեն 4.5 մլրդ դոլարի պարտքի տակ գցել, կամ ո՞ւր կորավ 2009 թվականին Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված 500 մլն դոլարը: Ինչո՞ւ եք մեր երկիրը գրավի տակ դնում` թողարկելով 2013 թ. 700 մլն դոլարի եվրապարտատոմսեր: Իսկ եթե կարծում եք, որ հետագայում կարող եք պարծենալ, որ գործարան եք կառուցել, ինչպես դուք նշեցիք՝ «հնարավորության դեպքում», ապա այդ հնարավորությունը միայն կախված է «Ռոսնեֆտ» և «Pirelli» ընկերության ցանկությունից: Անկախ ամեն ինչից՝ եթե դուք խոսում եք այս խնդրից, նշանակում է՝ այս ցույցն ունեցավ իր արդյունավետությունը, ինչի մասին կարող էիք խոսել դեռ վաղուց»,- եզրափակում է ԿԱՄՔ քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը: