ՀՀ շախմատիստները կմրցեն ադրբեջանցիների հետ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Դավիթ Բրոնշտեյնի շախմատի միջազգային հուշամրցաշարում Հայաստանի 16 շախմատիստներից հաջող են մեկնարկել երեքը: Երկրորդ տուրից հետո երկուական միավոր են վաստակել գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը: Նրանցից կես միավոր քիչ ունեն Վլադիմիր Հակոբյանը, Հովիկ Հայրապետյանը, Արտաշես Մինասյանը եւ Ռոբերտ Աղասարյանը: Այսօր նախատեսված 3-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կմրցի ադրբեջանցի Վասիֆ Դուրարբեյլիի հետ: Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցն է ռուսաստանցի Դանիլ Դուբովը, իսկ Մհեր Հովհաննիսյանինը` Վրաստանի ներկայացուցիչ Բադուր Ջոբավան: Մեր ամենափորձառու գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը սեւերով կհանդիպի ադրբեջանցի Վուղար Ռասուլովի հետ: Իսկ ահա գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը ուժերը կչափի իր հայրենակից, վարպետության թեկնածու Մանուել Պետրոսյանի հետ: