Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_4240
A A
Հասարակություն

Եթե մենք գինի չենք առնում, նշանակում է՝ խաղող չի վաճառվում․ Բալուլյան

Երկու շիշ հայկական գինի գնել, մեկը պահել տանը, մյուսը՝ նվիրել օտարազգի ընկերոջդ և  սոցհարթակում մարտահրավեր նետել ևս երեք հայի։ Այս գաղափարով նոյեմբերի 8-14-ը կմեկնարկի «Հայկական գինու շաբաթ» արշավը, որի նպատակն է հայկական գինին ճանաչելի դարձնել աշխարհում, խթանել դրա սպառումը և աջակցել տեղական տնտեսվարողներին։

Նախաձեռնության հեղինակ Վահե Բալուլյանը արշավն անվանել է Uncork Armenia Challenge՝ «Խցանահանիր Հայաստանը»։ Ա1+-ի հետ զրույցում նա նշեց, որ սա կենտրոնացված կառավարմամբ կամ պարտադիր մասնակցությամբ ծրագիր չէ․ չկա կազմակերպչական կոմիտե, մասնակիցներից գումար չեն հավաքում, և յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչպես իրականացնել։

«Ամեն հայը մի նավակ է, որը պետք է այդ գինին հանի գինի խմողների օվկիանոս ու դրանով ծանոթացնի մեր մշակույթին և հրավիրի Հայաստան»,- ասաց Բալուլյանը։

Նախաձեռնության կարևոր նպատակներից մեկը, սակայն, ոչ միայն հայկական գինու միջազգային ճանաչելիության բարձրացումն է, այլև խաղողագործներին աջակցություն ցույց տալը։ Բալուլյանի խոսքով՝ յուրաքանչյուր վաճառված շիշ գինի նշանակում է նաև պահանջարկ հայկական խաղողի նկատմամբ, իսկ դա հատկապես կարևոր է սահմանամերձ գյուղերում ապրող և խաղողագործությամբ զբաղվող ընտանիքների համար։

«Եթե մենք գինի չենք առնում, նշանակում է՝ խաղող չի վաճառվում, նշանակում է՝ այդ գյուղացին այնտեղ անելիք չունի, և ստիպված կամ վաճառում է այգիները, կամ լքում է այդ գյուղը»,- նշեց նախաձեռնության հեղինակը։

Ըստ նրա՝ արշավին միացել են նաև սփյուռքի կառույցներ։ Նախաձեռնության տարածմանն աջակցում են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և Ամերիկայի հայկական համագումարը։ Աշխատանքներ են տարվում նաև հայկական գինին ներմուծող ու վաճառող կազմակերպությունների հետ՝ տարբեր երկրներում հնարավորինս շատ մարդկանց ներգրավելու համար։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ևս նախաձեռնության կողքին է։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի խոսքով՝ նախաձեռնությունը հնարավորություն է տալիս հայկական գինին ներկայացնել ոչ միայն ոլորտի մասնագետներին ու խոշոր գնորդներին, այլև անմիջապես սովորական սպառողներին։

Հիմնադրամը տարիներ շարունակ աշխատում է հայկական գինիների առաջխաղացման, միջազգային շուկաներում դիրքավորման և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ։ Սակայն, Մուրադյանի խոսքով, երբեմն դժվար է անմիջական կապ հաստատել արտերկրի սովորական սպառողների հետ։ Այս առումով յուրաքանչյուր հայ կարող է դառնալ հայկական գինու յուրօրինակ դեսպան՝ իր ընկերներին հնարավորություն տալով համտեսելու և բացահայտելու այն։

Մուրադյանը կարևորեց նաև ներքին շուկայում սպառման խթանումը։ Նրա դիտարկմամբ՝ վերջին տարիներին երիտասարդների շրջանում գինու նկատմամբ հետաքրքրությունն աճում է, սակայն հայկական գինիների սպառման ներուժը դեռ ամբողջությամբ իրացված չէ։

Այսպիսով՝ երկու շիշ գինի գնելու և մեկը նվիրելու այս պարզ մարտահրավերով նախաձեռնության հեղինակները հույս ունեն միաժամանակ լուծել մի քանի խնդիր՝ ավելացնել հայկական գինու վաճառքը, աջակցել խաղողագործներին, ընդլայնել հայկական արտադրանքի ճանաչելիությունը և նոր մարդկանց հրավիրել բացահայտելու Հայաստանը։