Ալժիրը բարեկամ երկիր է, պարզապես կապ չկա
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ընդունեց Ալժիրի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատանքները համակարգող քարտուղար, Ալժիրի Նախագահի անվտանգության և անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակությանը:
Արթուր Բաղդասարյանի և Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի առանձնազրույցին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին անվտանգության ոլորտում հայ-ալժիրյան երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշեց որ պատվիրակության այցելությունը հնարավորություն կընձեռի հայ-ալժիրյան հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար. «Այցը մի քանի հնարավորություն կտա: Նախ մշտական կոնսուլտացիաներ կիրականացնենք Հայաստանի և Ալժիրի միջև անվտանգության ոլորտի, տարածաշրջանային համագործակցության և միջազգային կառույցներում փոխգործակցության ուղղությամբ: Երկրորդ, համագործակցություն կհաստատենք ՀՀ և Ալժիրի ուժային կառույցների միջև: Եվ երրորդը, համագործակցություն կհաստատենք երկու երկրների զինված ուժերի միջև պաշտպանության ոլորտում: Հայաստանն ունի զարգացող ռազմական արդյունաբերության համակարգ և այս ոլորտում մենք կարող ենք Ալժիրի հետ արդյունավետ համագործակցել: Մենք ակտիվ պայքարում ենք թրաֆիքինգի, թմրամոլության, ահաբեկչության և կիբերահաբեկչության դեմ, հետևաբար այս ոլորտներում նույնպես կան համագործակցության լայն հնարավորություններ»:
Կողմերը քննարկեցին նաև տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Արթուր Բաղդասարյանը նշեց որ չնայած Հայաստանի և Ալժիրի միջև առևտրատնտեսական հարաբերությունները շատ ցածր մակարդակի վրա են, սակայն կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները դրանց ծավալները մեծացնելու համար: «Ալժիրը բարեկամ երկիր է Հայաստանի համար, պարզապես երկու երկրների միջև չկան անհրաժեշտ կապեր, և ես հուսով եմ, որ այս այցելությունը խթան կհանդիսանա մեր երկրների միջև երկկողմ և բազմակողմ կապերն ամրապնդելու, համագործակցելու արտաքին քաղաքականության մի շարք ոլորտներում, այն դեպքում, երբ բազմաթիվ հարցերում Հայաստանի և Ալժիրի պաշտոնական տեսակետները համընկնում են»,- ընդգծեց Արթուր Բաղդասարյանը:
Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայը նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա նշեց, որ Ալժիրի Հանրապետությունը պատրաստակամ է Հայաստանի Հանրապետության հետ խորացնելու համագործակցությունը. «Այցս Հայաստան տեղի է ունենում Ալժիրի Նախագահի հրահանգով, և ուզում եմ վստահություն հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները ամուր հիմք կհանդիսանան հայ-ալժիրյան հարաբերությունները բազմաթիվ ոլորտներում զարգացնելու համար: Հետագա համագործակցությունը խորացնելու համար, իսկապես պետք է քաղաքական երկխոսություն սկսել, կոնսուլտացիաների մեխանիզմ և համագործակցության ճանապարհային քարտեզ ներդնել, որը կարևոր դեր կունենա ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»:
Հանդիպման ավարտին Արթուր Բաղդասարյանն Ալժիրի համապատասխան պաշտոնյաներին հրավիրեց Հայաստան, որտեղ 2013թ.-ին կկազմակերպվի և կանցկացվի «Կանալ-Կավկազ» միջազգային հակաթմրանյութային գործողությունը, որի Միջազգային համակարգող շտաբը տեղակայվելու է Երևանում:
Վաղը Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակության այցի արդյունքներով կստորագրվի համապատասխան արձանագրություն:
Այս մասին հայտնում Է ԱԱԽ մամլո ծառայությունը։