Բազմազավակ ընտանիքները մարզերում կարող են բնակարան ունենալ
Աջակցիր «Ա1+»-ին6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները հնարավորություն կունենան մարզային բնակավայրերում ձեռք բերել բնակարան կամ կառուցել տուն 100 տոկոս սուբսիդավորմամբ։ Նախագիծը ներկայացված է Գործադիր մարմնի վաղվա նիստում։
Առաջարկվում է ծրագրի պայմաններին բավարարող ընտանիքին յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով տրամադրել 4 մլն դրամ՝ հիփոթեքային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցելու համար։ Ընդ որում, եթե ընտանիքը նախապատվությունը կտա գյուղական բնակավայրին, ապա այս դեպքում ընտանիքին կտրամադրվի հավելյալ 4 մլն դրամ։
Ներկայում Աշխատանքի եւ բարեկեցության նախարարության կողմից ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով երեխա ունեցող ընտանիքների համար իրականացվում է ընդամենը մեկ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր, որի շրջանակում պետական աջակցությունը միանվագ է, որի չափը կազմում է 500 հազ. դրամից մինչև 3 մլն դրամ, իսկ հիփոթեքային վարկի մարումներն իրականացվում են շահառուների կողմից։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր, որը հնարավորություն կտա բազմազավակ ընտանիքներին պետության աջակցությամբ՝ 100 տոկոս սուբսիդավորմամբ ձեռք բերել բնակարան կամ կառուցել իրենց սեփական տունը։
Ներկայում Հայաստանում 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների թիվն ըստ համայնքներից հավաքագրված նախնական տեղեկատվության կազմում է 643, որից՝ 390-ը ունեն 6 երեխա, 143-ը՝ 7 երեխա, 76-ը՝ 8 երեխա, 26-ը՝ 9 երեխա, 5-ը՝ 10 երեխա, 2-ը՝ 11 երեխա և 1 ընտանիք ունի 12 երեխա։
Ակնկալվում է, որ պոտենցիալ շահառուների 50 տոկոսը կվարկավորվի 2027 թվականին, իսկ մյուս 50 տոկոսը 2028 թվականին։
Ակնկալվում է, որ առաջարկվող ծրագիրը կնպաստի շուրջ 650 ընտանիքների կենսապայմանների բարելավմանը, շուրջ 4300 երեխաների բարեկեցիկ զարգացմանը, հասարակության սոցիալական կայունությանը, եւ որպես վերջնարդյունք՝ երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը: