Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳՆ-ն բոլոր դեպքերում հյուրանոց է դառնալու (տեսանյութ)

Հասարակություն
5916140b42d10df77a660f38bdf44b34


Կառավարությունն այսօրվա նիստում փոխեց ԱԳՆ շենքը Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը վաճառելու որոշումը, փոխարենը՝ շենքի վաճառքի համար սահմանելով բաց աճուրդ։

«Քանի որ այս ընթացքում ձեւավորվել էր նաեւ հասարակական պահանջ՝ գործընթացն ավելի թափանցիկ կազմակերպելու եւ երպեսզի ոչ մի տեսակի մութ անկյուններ չմնա գործարքի մեջ, որոշել ենք գնահատված արժեքի 100 տոկոսի չափով գույքը օտարել աճուրդով», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։

Ըստ նրա, աճուրդը կկազմակերպվի երեք ամսվա ընթացքում։ Դրան կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ։ Միաժամանակ Սահակյանը շեշտեց, որ «Տանգոն» չի հրաժարվել գույքը ձեռք բերելուց։

«Մենք այս պահին «Տանգո» ընկերչության հետ, որը մեզ համար հայտնի գնորդ է, կնքելու ենք նախնական պայմանագիր, այն պայմանով, որ եթե աճուրդի ընթացքում ձեւավորվի ավելի բարձր գին տվող գնորդ, պիտի օտարենք նրան։ Եթե ոչ, ապա մենք մեր բանակցությունների ընթացքը «Տանգո» ընկերության հետ կշարունակենք», - նշեց պաշտոնյան։

«Եթե կառավարությունը հաշվի է առնում հանրության կարծիքը, ինչո՞ւ ընդհանրապես չի հրաժարվում ԱԳՆ շենքը վաճառելու մտադրությունից», - հարցին ի պատասխան Արման Սահակյանը նշեց, թե հասարակությունից շենքը վաճառելու մասին բողոքներ չի լսել։ Նրա համոզմամբ, մարդկանց ընդամենը մտահոգում է, որ վաճառքի գործընթացը թափանցիկ լինի։

«Մեր վարչության աշխատակիցները եւ ես տարբեր քննարկումների ենք մասնակցել, համենայնդեպս, վաճառքի հեռանկարից դժգոհություն չի եղել», - ասաց պաշտոնյան։

Արման Սահակյանը նշեց նաեւ, որ ով էլ լինի աճուրդի հաղթողը, շենքում կառուցվել է հյուրանոց։

Սակայն խնդիրն այն է, որ կառավարությունն արդեն իր առաջին որոշմամբ «Տանգոյի» դուստր «Սավսա» ընկերությանն է օտարել Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող հողատարածքը (նախկին «Սեւան» հյուրանոցի տեղում-խմբ.), այն պայմանով, որ պետության համար կառուցվի շենք ԱԳ նախարարության եւ մի քանի այլ գերատեսչությունների համար։
«Պայմանը հետեւյալումն էր, որ շենքը կկառուցվի, այնուհետեւ բաժնետոմսերի փոխանակման միջոցով ձեռք կբերվի այսօրվա ԱԳՆ շենքը, իսկ մնացած գումարը կամ կգնա պետբյուջե, կամ, էլի նոր գերատեսչական շենքեր կկառուցվեն», - նշեց Արման Սահակյանը։

Թե ինչ փոփոխություններ կկրի գործարքի այս հատվածը այն դեպքում, եթե աճուրդի արդյունքում «Տանգոյի» փոխարեն այսօրվա ԱԳՆ շենքը ուրիշ սեփականատիրոջ հասնի, դեռեւս հայտնի չէ։