Գասպարին ամփոփեց տարին (տեսանյութ)
Կառավարության շենքի դիմաց այսօր անսովոր հանգիստ էր: Ամեն հինգշաբթի բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների մեծ մասն այսօր չկար:
Իսկ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին եկել էր տարին ամփոփելու:
«Ամբողջ տարին այստեղ կանգնած մնացին տուժած մարդիկ և ոչ մի տեղաշարժ չեղավ: Բոլոր քննչական մարմինները, դատարանները, մեկը մյուսին հաջորդելով , պարտակում են հանցագործությունները և այդ ամեն ինչը արվում է հանուն ՀՀ: Ինձ համար ամենացավալի երևույթը դա է»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Վարդգես Գասպարին:
Նա ոչ մի ակնկալիք չունի նաև 2013թ.-ից, մասնավորապես նախագահական ընտրություններից: Նրա խոսքերով ընտրությունները մեր երկրում ոչինչ չեն փոխի .«Իմ կարծիքով՝ ճիշտը չմասնակցելն է, որովհետև այս խաղի կանոնները իշխանությունն է թելադրում»:
2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից ակնկալիքներ չունի նաև բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողներից Տիգրան Օհանջանյանի հայրը:
«Միևնույն է, ով կլինի նախագահը, միևնույն է, ես ուղղակի ցանկանում եմ, որ ով էլ լինի ուշադրություն դարձնի բոլորի վրա, ինչքան անլվա մարդ կա ՀՀ նախագահն ընդունում է, իսկ մենք 5 տարի է պայքարում ենք, որ մեզ ընդունի 5 րոպեով` չի ընդունում».- ասաց Սուրեն Օհանջանյանը: