Խոզը ծխահարվել է
Դեկտեմբերի 26-ին, ժամը 09.19-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձորի Ռուսթավի 12ա շենքի մոտ այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.43-ին, մարվել` 10.36-ին:
Այրվել է Ա.Գևորգյանին պատկանող ինքնաշեն թիթեղյա տնակի գույքը և ծխահարվել մեկ խոզ:
***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 7 միկրոշրջանի 3-րդ թաղամասի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.10-ին, մարվել` 23.05-ին:
Այրվել է Ն.Մկրտչյանին պատկանող բետոնե երեսապատումով բնակելի փայտյա տնակը գույքով` 60 քմ մակերեսով:
Թունավորում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15.28-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով (աջրից) Լոռու մարզի Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակչուհի` 2007 թ. ծնված Ռ. Բուլղադարյանը :
Ըստ բժիշկների՝ երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է:
Այրվել է մեքենան և պատուհանագոգը
Դեկտեմբերի 26-ին, ժամը 09.24-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.35-ին, մարվել` 09.48-ին:
Ամբողջությամբ այրվել է Ա.Վարդանյանին պատկանող «ԲԻԴ» մակնիշի 30 ՏՏ 801 պ/հ ավտոմեքենան և տան հյուրասենյակի պատուհանը պատուհանագոգով` 2քմ մակերեսով:
Բեռնատարը շրջվել է
Դեկտեմբերի 26-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի մոտ շրջվել է բեռնատար ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարար ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ - Կարբի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «ԴԱՖ» մակնիշի DOO 860 պ/հ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել տնամերձ հողատարածքի մեջ, ինչի հետևանքով վարորդ` 1983 թ. ծնված Վրաստանի քաղաքացի Զուռադ Չիչինաձեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:
Ըստ բժշկի` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Հրդեհ «Սեմյորկա» տաքսի ծառայությունում
Դեկտեմբերի 27-ին, ժամը 05.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի 65 շենքին հարակից այրվում է «Սեմյորկա» տաքսի ծառայության դիսպետչերական կետը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.19-ին, մարվել` 05.37-ին:
Ամբողջությամբ այրվել է «Սեմյորկա» տաքսի ծառայության դիսպետչերական կետը` 18 քմ մակերեսով, ծառայությանը պատկանող «Կիա» մակնիշի 63 ՕՕ 060 պ/հ ավտոմեքենայի սրահը և «Կիա» մակնիշի 23 SL 056 պ/հ ավտոմեքենայի հետնամասը:
Հրդեհ մեքենայում
Դեկտեմբերի 27-ին, ժամը 05.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի և Կիևյան կամրջի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը` պարամեդիկներով: Հրդեհը մարվել է ժամը 06.16-ին:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 32 ՕU 250 պ/հ ավտոմեքենան բախվել է կամրջի արգելապատնեշին և բռնկվել:
Այրվել է ավտոմեքենայի շարժիչի խցիկը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ` 1974 թ. ծնված Հ. Ղազարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ըստ բժշկի` տուժածի առողջական վիճակը ծանր է: