Մեղադրողը ճառը չկարդաց
Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ, իրավապաշտպան Արման Վեզիրյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունն արդեն երկրորդ անգամ ավարտվեց դեռ չսկսված:
Մեղադրող Ալիկ Աբրահամյանը այսօր դատարանում նշեց, որ Վճռաբեկ դատարանի վարույթում նմանատիպ մի գործ է քննվում, որը կարող է նախադեպային լինել եւ խնդրեց դատական նիստը հետաձգել մեկ ամսով;
Դատավոր Նելլի Բաղդասարյանը բավարարեց միջնորդությունը; Դատական հաջորդ նիստը տեղի կունենա 2013թ. հունվարի 25-ին:
Արման Վեզիրյանի պաշտպան Անի Թորոսյանը, սակայն նշեց, որ մեղադրող կողմը իր մեղադրանքը պետք է ճիշտ կառուցած լինի եւ պաշտպանի: «Վճռաբեկ դատարանի որոշումը անհրաժեշտ է միայն առաջին ատյանին, որը ավելի շատ պետք է հետաքրքրված լինի Վճռաբեկի մեկնաբանություններով, քան մեղադրողը»,- նշեց նա։
Իսկ «Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ Միքայել Դանիելյանն էլ ավելացրեց, որ դատախազությունը պարզապես չի կարողանում ճառը կարդա եւ պատիժ նշանակի անմեղ մարդու նկատմամբ։
Հիշեցնենք, որ Արման Վեզիրյանին մեղադրանք է առաջադրվել ապրիլի 30-ին ԱԺ նախընտրական շրջանում Հայ Ազգայի Կոնգրեսի (ՀԱԿ) թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչների կողմից քարոզչանյութեր բաժանելու ընթացքում տեղի ունեցած միջադեպի առիթով։
Սկզբում Արման Վեզիրյանը գործում հանդես է եկել որպես տուժող, սակայն հետագայում նա եւ Տիգրան Մանուկյանը հայտնվել են ամբաստանյալի աթոռին։ Այս գործով տուժող չկա։